Երկրի համար կարևոր որոշումների «լայն հանրային քննարկում»-ից ավելի աբսուրդային բան դժվար է պատկերացնել: Նախ՝ հասկանալի չէ՝ ոնց են այդ լսումներն անցկացվելու, և ինչ է նշանակում «լայն քննարկում»: Էլի՞ հրապարակ և ագոռա: Երկրորդը՝ հանրությունից ուզում եք հարցնել, թե արդյոք ուզում է ավելի վատ ապրել, որ հարկերը բարձրանան, կամ տրանսպորտի գինը աճի, և դրա հավանությունը ստանա՞լ: Ես կուզեի դա տեսնել: Ես իհարկե չեմ կասկածում, որ թմբուկի հիպնոսացնող դըմփ-դըմփ-հուի միջոցով այսօր կարելի է ինչ հարց ուզում ես անցկացնել:

Երրորդը՝ տղերք, «լայն հանրային քննարկում» օրենքի երկրում տեղի է ունենում հանրաքվեների և ընտրությունների միջոցով: Շուտով մի այդպիսի լսում ունենալու ենք, և այդ պահից լսելու են արդեն միայն ձեզ:

Պատասխանատվությունն էլ միայն ձերն է լինելու: Համարո՞ւմ եք ճիշտ, որ նոր հարկեր պետք է մտցնել, արեք: Մի պախկվեք ժողովրդի հետևն ու պատասխանատվությունը բարդեք ժողովրդի վրա: Ոչ պոպուլյար որոշումներ ստիպված եք և պարտավոր եք լինելու ընդունել: Այո, ձեզ անխղճորեն քննադատելու են, փողոցներ են փակելու, կառավարության շենքի դեմը հավաքներ են անելու: Պետք է էդ ջարմեն քաշեք և պատրաստվեք, որ առավելագույնը 5 տարուց ձեզ նույնպես ճամփելու են, և Աստված տա, որ դա լինի ընտրությունների, այլ ոչ թե փողոցի միջոցով: Բայց արդյոք դա չէ՞ր Ձեր ուզածը և հեղափոխության նպատակը: Արդյոք դուք չգիտե՞ք, որ «մահապարտներ եք» և պատվով պետք է կատարեք ձեր առաքելությունը և հետո «մահանաք»: Վստահ եմ, որ գիտեք: Այնպես որ, դուխով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել