Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում տնտեսական զարգացման թեմաներով ընդհանուր առմամբ չափավոր դրական էր (թեև ոչ ամենում)։ Մասնավորապես՝ մի քանի հարց առանձնացնեմ, որոնցով մենք ինքներս շարունակաբար զբաղվել ենք՝

ա) Ջրային ռեֆորմի հարցն իրապես շատ կարևոր է, երկրում ժամանակակից գյուղատնտեսություն զարգացնելու տեսակետից սա կարևորագույն հարցն է։ Նիկոլի պատկերացումն այս հարցում դեռ խիստ թերի է, ավելի քան թերի է այսօր այդ համակարգի պետական կառավարումը, որը վստահություն չի ներշնչում, բայց քաղաքական պատրաստակամությունը դրական է։ Դրական է նաև փոքր հէկերի հետ կապված հնչեցրած մոտեցումը, դրանց շահագործման ներկայիս գիշատիչ մոտեցումը մեր ջրային ռեսուրսների վատնման հիմնական պատճառներից մեկն է։

բ) Եկամտահարկի նվազեցումը մինչև 23%․ սա ևս կարևորագույն խնդիր է, տնտեսության տառացիորեն բոլոր ոլորտների զարգացման համար, բայց մանավանդ բարձր տեխնոլոգիական, որոնց աշխատողներն անհամաչափ հարկվում են գործող հարկային համակարգի պայմաններում՝ դուրս դնելով նրանց միջազգային մրցակցությունից։ Այս օրենսդրությունը պատրաստ էր դեռ տարվա սկզբից, և հրաշալի կլիներ, որ այն գործարկվեր արդեն 2019թ․ հունվարի 1-ից, բայց, ցավոք, դրան խանգարեցին վերջին քաղաքական զարգացումները (իր իսկ նախաձեռնած)։

գ) Հանձնառությունը՝ թույլ չտալ սեփականության վերաբաշխում, ևս դրական է, թեև, իհարկե, դեռ ժամանակի փորձություն պետք է անցնի։ Ընդհանուր մոտեցումը՝ փորձել տնտեսական խնդիրները լուծել խելամիտ երկխոսության միջոցով և սեփականատերերին բերել հավասար օրենքի դաշտ, ևս դրական է, թեև դրա իրականացումը ևս պետք է ժամանակի մեջ տեսնվի։

Դրանով հանդերձ՝ շատ հարցերում արտահայտած մտքերը դեռ բավական մակերեսային են կամ իրականությունը աղավաղող։

Օրինակ, խոսելով օգոստոս-սեպտեմբերին տնտեսական աճի բացակայության մասին՝ Նիկոլը շրջանցեց այն փաստը, որ դրա հիմնական պատճառը գյուղատնտեսության կտրուկ անկումն էր, որն էլ իր հերթին տեղի ունեցավ հենց իր կողմից Սևանից ոռոգման ջրի բացթողման դադարեցման պատճառով։ Կամ էլ շրջանցեց այն փաստը, որ այս տարի արտահանման աճի տեմպերը զգալիորեն դանդաղել են, և դա տեղի է ունեցել ոչ թե հանքարդյունաբերության պատճառով (ինչպես ինքը պնդում էր), այլ գյուղատնտեսության և արդյունաբերության այլ ճյուղերում անկման պատճառով․ դա պարզ է վիճակագրությանն արագ հայացք գցելուց հետո։ Նույն կերպ 2018թ․ նախորդ տարվա համեմատ կրկնակի դանդաղել է զբոսաշրջության աճը, թեև Նիկոլը խոստանում էր, որ ամբողջ աշխարհը գալու է մեր արած հեղափոխությամբ հիանալու, և կարելի է CNN-ով ու BBC-ով գովազդն անջատել։

Կարելի է համարել, որ դրանք բոլորն անցումային շրջանի խնդիրներ են, և որպես այդպիսին չպետք է շատ մտահոգեն մեզ, բայց ինձ մտահոգում է այն, որ անցումային շրջանի ավարտից հետո էլ, բացի վերը նշած մի քանի հարցից, ընդհանուր առմամբ, տնտեսական զարգացման հստակ մոտեցումներ դեռ չկան, և պարզ չէ, թե անցումը ագրարային-հանքարդյունաբերական երկրից բարձր տեխնոլոգիական երկիր ինչ մոդելով է տեղի ունենալու՝ ինչ ներդրումներ է անելու պետությունը, ինչպես է ներգրավելու խոշոր միջազգային ներդրողներին, ինչպես է լուծելու տնտեսության մեջ կուտակված բազմաթիվ հակասությունները, ինչպես է բարելավելու աշխատանքային ռեսուրսների որակը և այլն։ Տնտեսությունն առայժմ իսկապես շարունակում է զարգանալ նախորդ իշխանությունների օրոք ձևավորված մոդելով և դրա իներցիայով, և այդ իներցիան անվերջ չէ, արդեն հիմա այն սկսել է մարել, և առանց նոր կոնցեպտուալ մոտեցումների և համապատասխան կարողությունների ստեղծման, ոչ մի թռիչքաձև աճ չի կարող լինել, ինչքան էլ դրա մասին խոսես։

Այսօր այսքանը, քանի որ Նիկոլի ելույթն ազդարարեց այս Ազգային ժողովի լուծարումը, բարձրացրած հարցերին մեր մոտեցումների մասին կխոսենք արդեն ընտրարշավի շրջանակներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել