Գորգերը միշտ էլ համարվել են Արևելքի մշակույթի ու արվեստի անբաժանելի մաս: Հնէաբանները գտնում էին գորգերի փոքր մասեր Իրանի ու Սիրիայի հին քաղաքների պեղումների ժամանակ: Աշխարհում առավել հայտնի է պարսկական գորգը: Այս անվանումը դարձել է ոչ միայն ապրանքի աշխարհագրական պատկանելություն, այլ նաև յուրատեսակ ապրանքանիշ: Պարսկական գորգերը խորհրդանշում են որակ ու դասականություն: Պարսկաստանի գորգերը գովաբանվում էին պոետների, գրողների ու նկարիչների կողմից, և սա պատահական չէ: Եթե ուսումնասիրենք պարսկական գորգի զարգացման պատմությունը, ապա կտեսնենք, որ գորգագործության զարգացումը Իրանում սերտորեն կապված էր մշակույթի ու կերպարվեստի զարգացման հետ: Տեղափոխվենք պատմության վաղ շրջան: Պարսկաստանն Արևելքի ամենահզոր կայսրություններից մեկն էր:

Երբ Կյուրոսը գրավեց Բաբելոնը մ.թ.ա․ 539 թվականին, նա զարմացել էր այս քաղաքի շքեղության ու գեղեցկության վրա, և ըստ երևույթին, նա իր լուման ներդրեց Պարսից երկրում գորգագործության զարգացման գործում: Ըստ հին պատմիչների, Կյուրոսի դամբարանը ամբողջովին պատված էր թանկարժեք գորգերով: Սակայն դեռևս մինչև Կյուրոսը և Քսերքսեսը պարսից  քոչվորները գիտեին ինչպես գորգ հյուսել: Ոչխարների հոտն էլ նրանց դրա համար հարուստ հումք էր տալիս: Ընդհանրապես, հենց քոչվորներին ենք մենք պարտական գորգերի ի հայտ գալու համար: Գորգերի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է չինական աղբյուրներում, որոնք նկարագրում էին Սասանյան կայսրությունը՝ 224-641թթ: 628 թվականին Հերակլես կայսրը Տիզբոնը գրավելուց հետո մեծ քանակությամբ իրանական գորգեր է իր հետ տանում: Արաբները ևս պատերազմել են պարսիկների հետ 637 թվականին, նրանք ևս մեծ քանակությամբ գորգեր են իրենց հետ տարել, որոնց թվում էր Խոսրովի օրոք պատրաստված հանրահայտ գորգը: Այն ուներ 90 քառակուսի ֆուտ չափս: Արաբական աղբյուրներում առկա տեղեկություններից կարող ենք եզրակացնել, որ գորգի վրա պատկերված էր հիասքանչ մի այգի՝ ծաղկաստան, որը տարածվում է ջրի ու հողի ֆոնի վրա: Սակայն այս գլուխգործոցը մեզ չի հասել՝ արաբները մասնատել են այն ու վաճառել:

Թյուրքական նվաճողներն էլ էին քոչվորներ, հասկանում էին գորգերի նշանակությունը: Նրանք նույնիսկ մեծ ներդրում ունեցան գորգագործության զարգացման գործում: Հանրահայտ «թուրքական հանգույցը» մինչև հիմա օգտագործվում է Իրանի ու Ադրբեջանի մի շարք նահանգներում: Մոնղոլական տիրակալների ժամանակաշրջանը այնքան էլ լավ չանդրադարձավ գորգագործության համար: Այդ ժամանակաշարջանում գորգերի գույները զգալիորեն պարզ էին և պատկերում էին երկրաչափական նախշեր:

15-18-րդ դարերն Իրանի համար դարձան կերպարվեստի ու մշակույթի վերելքի շրջան: Այդ ամենը ազդեց նաև գորգագործության վրա: Փաստորեն, առաջին ապացույցները առ այն, որ պարսկական գորգերը դարձան արդյունաբերություն, հանգում են այս ժամանակաշրջանին: Թանգարաններում, մասնավորապես Իրանի գորգերի թանգարանում, նաև անհատական հավաքածուներում պահպանվում են ավելի քան 1500 գորգեր, որոնք վերաբերում են այս ժամանակաշրջանին: Շահ Աբբաս արքայի կառավարման ժամանակ՝ 1571-1629թթ․ Պարսկաստանում ծաղկում էին ապրում առևտուրը և արհեստները: Նա առևտրական կապեր հաստատեց եվրոպական երկրների հետ, նոր մայրաքաղաք դարձրեց Սպահանը, որն էլ դարձրեց ծաղկուն մի քաղաք: Նա նաև ստեղծեց գորգագործության կենտրոններ,որտեղ աշխատում էին լավագույն ու հմուտ վարպետներ: Այդ գորգերի մեծ մասը պատրաստում էին մետաքսից՝ ոսկյա ու արծաթյա թելերով:

Ներկայումս էլ Իրանը հանդիսանում է գորգերի արտադրության գործում առաջիններից մեկը: Հայտնի են գորգագործության մի քանի պատմական կենտրոններ՝ Քերման, Սպահան, Քեշան, Թավրիզ և այլն: Այս շրջաններում պատրաստված գորգերը տարբերվում են իրենց ոճով ու գույներով: Իրանից մեծ քանակով գորգեր արտահանվում են Եվրոպա և ԱՄՆ:

Այսօր էլ Իրանում գորգագործությունը անկասկած ամենատարածված արհեստներից մեկն է, որը նաև ամենահայտնին է արտասահմանում: Գորգերը համարվում են տան ամենաթանկարժեք իրերը ու մեծ նշանակություն ունեն, ներկայումս գորգեր պատրաստվում են նույնիսկ այն շրջաններում, որտեղ նախկինում գորգագործությունը չէր կիրառվում: Փոխվում են տեխնոլոգիաները, թելերը, հումքը, սակայն մի բան աննկուն է ժամանակի դեմ, դա պարսկական գորգի որակն է:

Անգելինա Գաբրիելյան

Աղբյուրը


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել