Այսօր հայկական մամուլն ու ԶԼՄ-ները լայնորեն անդրադարձան երեքշաբթի օրը Ստամբուլում Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ամփոփիչ հաղորդագրության մեջ ԼՂ-ի հակամարտության կապակցությամբ կատարված արձանագրությանը:

Թեև թեմային ավելի վաղ անդրադարձել եմ, սակայն անհրաժեշտ եմ համարում կատարել նաև մեկ այլ մատնանշում՝ կապված ԼՂ հակամարտության կապակցությամբ Իրանի դիրքորոշմանը: 

Այս թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես եմ եկել 2012 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում գումարված «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համաժողովում (http://robertmarkarian.com/hy/index.php/articles/item/61): Ընդգծելով հանդերձ, որ ԼՂ-ի հակամարտության կապակցությամբ հարևան Իրանի դիրքորոշումները շարունակելու են մնալ անփոփոխ, այդուհանդերձ, նկատի առնելով վերջին զարգացումները (Թրամփի ուղերձում կատարված մատնանշումը և դեսպան Ռիչարդ Միլսի ու դրան հաջորդած Ջոն Բոլթոնի հայտարարությունները)՝ անհրաժեշտ եմ համարում կատարել կարևոր մի արձանագրում․ Իրանին կարող է լրջորեն մտահոգել ԼՂ-ի հակամարտության կարգավորման հետ կապված ցանկացած լուծում, որը կներառի ազատագրված և մասնավորապես Արցախի Հանրապետության և Իրանի սահմանին ընկած երեք տարածքների զիջումը:  

Այսօր Արցախի Հանրապետության հարավում հայկական ուժերի միջոցով վերահսկվող տարածքների շնորհիվ Իրանն իր հյուսիսային շուրջ 100 կմ երկարությամբ սահմանն ապահովագրել է ադրբեջանական ազգայնական ուժերի հակաիրանական ու պանթուրքիստական տարբեր տեսակի հրահրումների դիմաց: Այլ խոսքով՝ Արցախի Հանրապետության հարավային հատվածում գտնվող ազատագրված երեք տարածքները միաժամանակ իրականացնում են երեք գործառույթ՝ երաշխավորում են Արցախի անվտանգությունը, համարվում են Հայաստանից՝ բացի արտաքին աշխարհի հետ Արցախի Հանրապետության հաղորդակցման միակ միջոցը և բացառում են այդ տարածքներից Իրանի ազգային անվտանգության դեմ ուղղված որևէ սադրանք:

ԻԻՀ սահմանադրությունը երկրի իշխանություններին պարտավորեցնում է աջակցություն ցուցաբերել ու պաշտպանել մուսուլման ժողովուրդներին, որի շրջագծում էլ կարելի է գնահատել ադրբեջանական դիրքորոշումները սատարող նման հայտարարությունների տակ Իրանի կողմից դրվող ստորագրությունը: Իսկ գործնականում չի կարելի կասկածել, որ Իրանը խորքում չի կարող համաձայնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը, որը կնշանակի Արցախի Հանրապետության հետ շուրջ 100 կիլոմետր երկարությամբ խաղաղ ու ապահով սահմանի վերահսկողությունը հանձնել միջազգային խաղաղարար ուժերի վերահսկողությանը, որոնց գործունեությանն Իրանը միշտ էլ կասկածով է վերաբերվել և կամ էլ դրանք վերադարձնել Ադրբեջանին, որտեղ մեծ ակտիվությամբ են աշխատում Իրանի հանդեպ տարածքային հավակնություններ ու նաև անջատողական ձգտումներ ունեցող ազգայնական խմբերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել