Աշխարհում ոչ մի ուրիշ բանակ չի ծնվել պատերազմի ընթացքում, խրամատների մեջ, ու ոչ մի ուրիշ բաայսքան երկար խրամատների մեջ չի ծառայել...

-Մոլլա... մոլլա...

-Չտո Վազգեն...

-.... մոլլա նանա... ......դինը..... մասաբը.....:

Սովորական դարձած սիրալիր բառեր...  Գիշերային հերթափոխն էր սկսվում: Երկու թշնամի բանակների դիրքերն այնքան մոտ էին, որ առանց իրար փոխադարձ հիշելու ոչ մի հերթափոխ չէր լինում:

Դիտակետում կանգնած զինվորի անունը Հայկ էր: Մի շատ սովորական հայ պատանի: Արտաքինից տիպիկ այն Հայկերից մեկը, որոնցով ապրում և շարունակվում էր հայ ազգը:

«Հեսա մերոնք էլ կգան»,- մտածեց Հայկն ու զգուշությամբ նայեց հրակնատից: Ոչ մի արտառոց բան բացի... Ոտքերի ձայնը ստիպեց նրան արագ փակել հրակնատը ու շուռ գալով գոչել.

-  Կանգնիր, ո՞վ է գալիս: Անցաբառը:

-  Սյունիք,- լսվեց պատասխանը: Սերժանտ Վահեն էր: Դիտակետը հանձնեց Վար­­դա­նին, ու ինքն իրենից գոհ քայլեց Վահեի հետևից: Հետաքրքիր էին բայց իրենք: Շատ լավ գիտեին, որ դիտակետը հանձնելուց հետո դեռ գետնատնակի մոտ էլ պիտի հերթապահություն տանեն ու դրանից հետո միայն կարող էին քնել, բայց հենց դիտակետում հերթափոխվում էին, միանգամից կարծես ինչ-որ ծանր բեռ ուսերից գցեին: Ահավոր ազատ ու թեթև էին զգում իրենց: Հայկը, որ վերջին րոպեները մի կերպ էր իրեն զսպում, որ չքնի, հիմա ուրախ-ուրախ քայլում էր խրամուղով ու քթի տակ ինչ-որ պարեղանակ մռմռում:

-  Հայկ, թարգի:

-  Ինչի՞, ինչ եմ արել,- զարմացավ Հայկը,- իմ համար երգում եմ:

- Ոնց որ թե չգիտես էլի,- զայրացած ասաց Վահեն,- ամեն ինչ պարզ լսում են, հիմա եթե դիպուկահար լինի էն կողմում, քո մռթմռթոցով հանգիստ կարա որոշի, թե որ ուղղությամբ ենք գնում ու հենց հասնենք էն անկյունին, ուղիղ մեր վրա կկրակի:

- Լավ-լավ... Էլ չեմ երգի,- տեղի տվեց նա:

Հոգու խորքում Հայկը հասկանում էր, որ Վահեն ճիշտ է ասում, ուղղակի բնա­վորությանը համաձայն չէր կարող առանց մի երկու բառ ասելու անել նրա պահանջը: Ու միայն Հայկը չէր, որ այդպես էր: Գրեթե մեծամասնությունը միշտ, ամեն ինչում ինչ-որ դիտավորություն էին փնտրում, թե իբր հենց միայն իրենց են դիտողություն անում...

Արդեն երրորդ անգամ էր դիրքեր բարձրանում ու կարծում էր, թե դիրքերի մասին ամեն ինչ գիտի, ու այստեղ ինքը ոչ մի խնդիր չի կարող ունենալ: Բայց դե... Ավելի հին ծառայողներն ուղղակի չէին ուզում անլիարժեքության ինչ-որ բարդույթներ նրա մեջ մտցնել... Ու դրա համար էլ շատ բանի վրա աչք էին փակում, երբեմն պարզապես ժպտում ու անցնում: Ոչինչ, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:

Հասան գետնատնակին: Գնաց ուղիղ դեպի ծխարան... Մի հատ ծխի ու գնա հիմա էլ գետնատնակի մոտ հերթապահի: Վառեց սիգարետն ու հարյուր տարվա ծխողի նման անկշտաբար ներս քաշեց ծուխը: Սկսեց հազալ ու լսեց ծիծաղի ձայներ: Տղերքն էին: Չէր էլ նկատել, որ նստած են ճաշարանի պատի ստվերում:

- Էս ոնց որ մոռացել ես, հա՞, որ առաջին սիգարետն մի ամիս առաջ ես բերանդ դրել,- ծիծաղելով ասաց Խորոն:

- Ծխից չէր,- կատաղած նետեց Հայկը,- ոնց որ թե մրսել եմ:

Էլի չէր ուզում տակ մնար, պիտի անպայման մի պատճառ հորիներ:

-  Հա, քո ասածն է,- ասաց միակ չծիծաղողը,- ցանկացած ուրիշ բանից էր, մենակ թե ոչ սիգարետի ծխից:

Հայկը չէր էլ նկատել, որ տղաների հետ նաև դասակի հրամանատար՝ ավագ լեյտենանտ Ղարիբյանն է նստած: Հրամանատարի խոսքերից կարմրեց ու գլուխը կախեց: Ղարիբյանից շատ էր ամաչում: Երեխա-երեխա զենքը վերցրել էր ձեռքը ու մեկնել ռազմաճակատ, վիրավորվել մի քանի անգամ: Լավագույն ընկերներին էր կորցրել: Հետո երբ հրադադար էր կնքվել, մեկնել էր տուն, բայց ... Բայց համազգեստի հանդեպ սերը ստիպել էր անտեսելով մոր աղաչանքներն ընդունվել ռազմական ինստիտուտ և ի վերջո դարձել կադրային սպա: Հիմա էլ իր զեկուցագրի հիման վրա ծառայում էր հենց այն դիրքերում, որտեղ ավարտել էր պատերազմը:

- Որ կարմրում ես, շատ լավ է: Ուրեմն մեջդ զգացմունք կա,- ասաց Ղարիբյանը ,- ոչինչ, բոլորի հետ էլ պատահում է: Ուղղակի մի մոռացիր, որ բոլորն էլ անցել են էն ուղով, որը դու նոր-նոր սկսում ես անցնել:

Հայկը նետեց սիգարետը և շարժվեց դեպի գետնատնակը: Բայց հանկարծ կանգ առավ ու դիմեց հրամանատարին:

- Պարոն ավագ լեյտենանտ, թույլ կտա՞ք դիմել:

- Ի՞նչ է պատահել, Սարգսյան,- հարցրեց Ղարիբայնը:

- Չգիտեմ որքանով է լուրջ, բայց մի տարօրինակ բան եմ նկատել դիտակետում:

- Հետո՞,- անհանգստացած տեղից վեր կացավ Ղարիբայնը ,- ի՞նչ տարօրինա­կու­թյուն ես նկատել:

- Դիտակետի առջև, թուրքերի դիրքից մի տաս մետր առաջ մի թուփ կա: Դուք առաջին օրն ինձ ասացիք, որ դա իմ դիտարկման գոտու աջ սահմանն է: Բայց այսօր, երբ դիտարկում էի, ոնց որ թե թուփը հայտնվել էր ձախ կողմում:

Հրամանատարն անհանգստացած վեր կացավ տեղից: Մի պահ ուղղակի լուռ նայում էր Հայկին:

-  Համոզվա՞ծ ես, Հայկ:

-  Այո ,- արդեն վստահ պատասխանեց նա՝ հասկանալով, որ շատ կարևոր բան է հայտնաբերել,- համոզված եմ:

- Վարդանյան: Սերժանտ Վարդանյան,- գոչեց Ղարիբյանը,- ինձ մոտ:

- Պարոն ավագ լեյտնենատ: Սերժանտ Վարդանյանը ներկայացել է Ձեր հրամանով,- կարծես գետնի տակից հայտնվեց ու հրամանատարի առջև զգաստ կանգնեց Վահեն:

- Վարդանյան, դու հիշու՞մ ես, թե որ կողմում էր գտնվում թփուտը ,-  հարցրեց հրամանատարը:

- Ճիշտ այդպես,- առանց վարանելու ասաց նա,- աջ կողմում:

- Լավ: Գնացինք դիտակետ: Արթուն հերթափոխից մեկին նշանակիր Սարգսյանի փոխարեն: Նա մեր հետ է գալիս:

Դիտակետում Ղարիբյանը մոտեցավ հրակնատին ու բացելով այն սկսեց զգուշորեն  դիտարկել: Անզեն աչքով էլ երևում էր, որ թփուտը տեղաշարժվել էր: Եթե Հայկը միայն զգացել էր դրա տեղաշարժը դեպի ձախ, ապա հրամանատարի սուր աչքն իսկույն նկատեց, որ այն նաև մոտեցել է մեր դիրքերին:

- Գիշերը ձայներ չե՞ս լսել, Սարգսյան,- հարցրեց նա:

- Ոչ մի կերպ,- պատասխանեց Հայկը,- այնպիսի ուժեղ քամի էր, որ հնարավոր չէր ինչ-որ բան լսել:

- Լավ,- մտածկոտ ասաց Ղարիբյանը,- պարզ է ամեն ինչ: Ապրես, Սարգսյան: Ես գիտեմ, որ դու լավ զինվոր ես: Քեզ մնում է միջիցդ հանես բնավորության մի երկու գիծ ու հավատա` ցանկացած հրամանատար կերազի քո նման զինվոր ունենալ:

Հետո նա սպայական պայուսակից հանեց տեղանքի ուրվագիծը և վրան մատիտով նշեց թփուտի նոր տեղը:

- Վարդանյան,- առանց ձայնը բարձրացնելու Ղարիբյանը շուռ եկավ դեպի սերժանտը,- Բոլոր հերթափոխներին զգուշացրու, որ լինեն առավելագույնս ուշադիր այս թփի նկատմամբ: Գիշերային ժամերին շատ ուշադիր լինեն ձայների նկատմամբ: Լուսին չկա գիշերները: Համարյա ոչինչ չի լինում տեսնել:

Երեք օր շարունակ հրամանատարը ժամը մեկ մտնում էր դիտակետ ու անընդհատ դիտարկում ադրբեջանցիների դիրքերը:  Հետո ինչ-որ նշումներ կատարում տեղանքի ուրվագծի վրա ու հեռանում: Տղերքն ինչ-որ լարվածություն էին զգում, բայց աշխատում էին չխոսել այդ մասին:

Հայկը գետնատնակում էր, երբ Ղարիբյանը հերթական դիտարկումից վերադարձավ: Նա մտահոգ նստեց հեռախոսի մոտ, գլուխը առավ ձեռքերի մեջ ու աընդհատ նայում էր տեղանքի ուրվագծին:

- Կապնվիր գումարտակի շտաբ,- վերջապես դուրս գալով այդ անհասկանալի վիճակից ասաց նա:

Կապավորը մի քանի անհաջող փորձից հետո հեռախոսափողը մեկնեց Ղարիբյանին:

- Վան - 1, Վան – 02-ն է: Զեկուցում եմ Ձեզ, որ մեր առջև հակառակորդը խրամուղի է փորում դեպի մեր դիրքերը:

- ............................................................:

- Այո, անձամբ հետևել եմ և կարող եմ ասել, որ գիշերվա ընթացքում մոտ երկու-երեք մետր փորում են ու մոտենում մեր դիրքերին:

- ............................................................:

- Հաշվի առնելով թփուտի տեղաշարժման չափը կարելի է ասել, որ մոտ չորս-հինգ օր առաջ են սկսել փորելը:

- ............................................................:

- Լսում եմ:

Հայկի հետաքրքրքասիրությունը բորբոքվեց: Տեսնես գումարտակի հրամանատարն ի՞նչ ասաց: Ախր էս զինվորականները... Ամեն ինչի մասին այնքան կարճ ու կոնկրետ են խոսում, որ... Հա ոնց կլիներ մի երկու բառ ավել ասեիր կամ կրկնեիր հրամանատարի ասածը: Մենք էլ կիմանայինք էլի: Շատ էր ուզում իմանալ, թե ինչ է լինելու, բայց սիրտ չէր անում դիմել Ղարիբյանին: Հայկի հետաքրքրասիրությունը երևի ալեկոծվելով անցնում էր դեմքի վրայով, ու բոլորը տեսնում էին:

- Հայկ, լավ չի, որ չես կարողանում հոգեկանդ թաքցնել,- ասաց Ղարիբյանը,- հիմա մեջդ եռացող ամեն ինչ գրվում է դեմքիդ վրա:

- Դե պարոն ավագ լեյտենանտ, ախր շատ հետաքրքիր է, թե ինչ պատասխանեց կամբատը,- մի կերպ բառերը բերանից բաց թողնելով ասաց Հայկը:

- Սարգսյան, Սարգսյան: Երբ ես վերջապես հասկանալու հայտնի ասացվածքի իմաստը` «Վռազողի կինը տղա չի բերի»: Ամեն ինչ իր ժամանակն ունի:

Հայկն արդեն հասկացել էր, որ Ղարիբյանը նույն բանը երկրորդ անգամ կրկնելու սովորություն չունի, և հարկ չհամարեց շարունակելու խոսակցությունը:

Հաջորդ օրը երեկոյան թիկունքից մոտեցող շարասյուն նկատեցին: Կլինեին ութ-տաս հոգի: Հայկին չափազանց զարմացրեց այն, որ նրանցից ոչ մեկի վրա տարբերանշաններ չկային: Հետո համազգեստը մի փոքր այլ էր: Եվ մեր հայկականն էր, և մի տեսակ ուրիշ էր: Զենքերն էլ էին ուրիշ: Հին տղերքն ասեցին, որ հետախույզներ են: Այն էլ ոչ սովորական, գնդային հետախույզներ չեն: Ինչ-որ հատուկ նշանակության ջոկատ է:

Նրանց ավագը Ղարիբյանի հետ բարձրացավ դիտակետ, իսկ հետախույզները հավաքվեցին ճաշարանում և լուռ սպասում էին ինչ-որ բանի: Ոչ մեկի հետ չէին խոսում, պատահական անցնող զինվորների հարցերին չէին պատասխանում: Այդպես մինչև հրամանատարներով հետ եկան դիտակետից: Հետախույզներն իրենց հրամանատարի հրամանով ոտքի կանգնեցին և գնացին դեպի հարավ: Ո՞ւր գնացին: Ինչո՞ւ: Հարցեր, որոնք սկսեցին տանջել Հայկին: Բայց դե հասկանում էր, որ անիմաստ է Ղարիբյանին հարցնելը: Մնում էր միայն սպասել և ժամանակի հետ երևի ամեն ինչ կիմանար:

Գիշերվա ժամը 3-ին մոտ էր: Հայկի հերթափոխի ժամն էր: Բնությունը մարդկանցից լավ էր հասկանում նրանց խնդիրները և զինվորների մեջ կարծեց ժամացույց դրած լիներ: Չէին էլ սպասում, որ արթնացնեն իրենց: Սահմանված ժամին ավտոմատ արթնանում ու սկսում էին պատրաստվել հերթափոխի: Հայկը բացառություն չէր: Արթնացավ ու զարմացավ, որ տեսավ, որ համարյա բոլորը բացի իրենից ու Կարենից արդեն ոտքի վրա են: Իսկ միգուցե չէին էլ պառկել: Ստացավ զենքը, և Կարենի հետ դուրս եկան գետնատնակից: Զենքի լիցքավորման տեղում նրանց էր սպասում Ղարիբյանը: Զենքը լիցքավորեցին և Ղարիբյանի ու սերժանտի հսկողության տակ խրամուղով շարժվեցին դեպի դիտակետեր: Դիտակետում հերթափո­խումից հետո էլ Ղարիբյանը սերժանտին հրահանգեց հին հերթափոխին տանել գետնատնակ, իսկ ինքը մնաց դիտակետում: Այ քեզ բան: Հայկն իրեն մի տեսակ ձգված էր զգում: Չնայած մյուս կողմից էլ շատ ապահով էր ու հանգիստ: Եթե հրամանատարը մնացել է այստեղ այս ժամին, ուրեմն ինչ-որ կարևոր բան է տեղի ունենալու: Հայկն ուղղակի չգիտեր, որ կարևոր բանը վաղուց էր սկսվել ու արդեն պիտի ավարտվեր: Ղարիբյանն էլ դիտակետում սպասում էր հետախույզների վերադարձին:

Արևելքում հորիզոնի գիծը կարմրեց: Թուրքերի դիրքերի կողմից աղմուկի ձայն լսվեց: Հայկն արագ բարձրացրեց ավտոմատը և պատրաստեց կրակի:

- Առանց հրամանի չկրակես,- շշնջաց Ղարիբյանը:

- Լսում եմ,- նույնպես շշուկով պատասխանեց Հայկը:

Ձայները կտրվեցին այնպես անսպասելի, ինչպես որ սկսվել էին:

Քիչ անց Հայկը կարծես զգաց, ոչ թե լսեց, այլ զգաց մեր դիրքերին մոտեցող ինչ-որ բան: Նա լարվեց ողջ մարմնով և կամաց իջեցրեց ավտոմատի ապահովիչը: Ղարիբյանը, հասկանալով Հայկի վիճակը, ձեռքը դրեց նրա ուսին: Գլխով նշան արեց չլարվել: Հայկը ինքնաբերաբար հանգստացավ՝ տեսնելով հրամանատարի դեմքի հանգստությունը: Ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես պիտի լիներ:

Մի քանի րոպե անց հենց դիրքերի մոտ լսվեց ինչ-որ թռչունի կռնչոց: Ղարիբյանը, ձեռքերը ոլորելով, բերանի շուրջը նմանատիպ պատասխան տվեց: Հայկը հանկարծ հասկացավ, որ դիրքերին են մոտենում գետնին կպած մարմիններ: Այնքան վարպետորեն էին քողարկված և այնպես էին միաձուլվել հետախույզները գետնին, որ անհնար էր հայտնաբերել նրանց, եթե նախապես չգիտեիր այդ մասին:

Հետախույզները մեկը մյուսի հետևից սողալով մտան խրամուղի: Միայն խարամուղում, հետ գցելով ծածկոցները, նրանք ստացան մարդու կերպարանք և սկսեցին լիաթոք շնչել: Տղերքը ժպտում էին: Գործողությունը հաջողվել էր: Հետախույզների հրամանատարի և Ղարիբյանի խոսակցությունից որսած կցկտուր բառերից Հայկը հասկա­ցավ, որ հետախույզները ոչնչացրել էին հակառակորդի մի քանի զինվորների, որոնք խրամուղի էին փորում դեպի մեր դիրքերը, հետո ականապատել այն ու հեռացել: Դե հիմա թող գան: Մտքի մեջ ժպտաց Հայկը: Հիմա արդեն կարելի է չվախենալ ոչնչից:

Ղարիբյանն ու հետախույզները հեռացան դեպի թիկունք: Իսկ Հայկը շարունակում էր հերթապահությունը: Շարունակում էր հսկել թիկունքում ապրող գյուղերի անդորրը: Եվ այդպես կհսկի երկու տարի շարունակ՝ աչքից բաց չթողնելով ոչ մի մանրուք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել