Հոկտեմբերի 4-ին, ոստիկանության ՔՀԳ վարչության և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների ուղեկցությամբ, Միացյալ Արաբական Էմիրություններից Հայաստան էքստրադիցիայի է ենթարկվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հանցանք կատարելու մեջ մեղադրվող 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել:

Հուլիսի 30-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն էր ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում Արամ Վարդանյանը հայտնաբերվել և ձերբակալվել է: Արամ Վարդանյանը կալանավորված է։ Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել