Մենք հետաքրքրվում ենք միմյանցով, պատմում մեր ուրախությունների և տխրությունների մասին, ու դրանում ոչ մի վատ բան չկա: Սակայն հայտնի փաստ է, որ թույլ սեռի ներկայացուցիչները գրեթե միշտ քննարկում են ընկերուհիներին, գործընկերուհիներին, բարեկամներին և ծանոթներին: Սա մի երևույթ է, որի ընթացքում նրանք իրենց հոգին են «թեթևացնում»:

Աշխատանքային միջավայրում ամենից շատ բամբասում են նորեկները: Նրանք կարիք ունեն շատ ինֆորմացիա ստանալու այն միջավայրից, ուր աշխատում են:

Որպես կանոն տղամարդիկ առավել զուսպ են, կանանց պես չեն քննարկում այլոց անձնական կյանքը: Կանայք սիրում են իրենց կյանքի մասին պատմել, դա ասես յուրահատուկ արարողություն է զրուցակցի մոտ վստահություն առաջացնելու, ինչպես նաև ինքնահաստատման առիթ է:

Սեփական անձի մասին բամբասանք լսելիս յուրաքանչյուրը յուրովի է արձագանքում դրան: Կան մարդիկ, որոնք հաճույք են ստանում, երբ իրենց մասին խոսում, քննարկում են: Այս տեսակի մարդկանց հոգեբաններն անվանում են ցուցադրական տեսակ: Նրանք անզուսպ ցանկություն ունեն ուշադրության կենտրոնում լինել և կարծում են, որ եթե նրանց մասին խոսում են, ուրեմն ուշադրության արժանի են: Նրանք անգամ հրահրում են բամբասանքներ իրենց հասցեին՝ ինչ-որ անամոթ բան պատմելով կամ անելով, ինչը խոսակցությունների տեղիք կտա:

Այնուամենայնիվ, շատ մարդիկ անհանգստանում են, երբ իրենց հասցեին բամբասում, չարախոսում են: Հատկապես խոցելի են վերջին երկու խմբի մարդիկ: Այս տեսակի մարդիկ սկսում են մանրախնդրորեն վերլուծել բամբասանքը, անհանգստանալ, ինչի արդյունքում ծնվում է ագրեսիա:

Երրորդ տեսակի մարդիկ անվստահ են ու նյարդային: Առանց այն էլ նրանք ցածր ինքնագնահատական ունեն, և բամբասանքը լրացուցիչ հարված է նրանց անձին: Նրանք սարսափում են այն մտքից, որ բամբասանքները մարդկանց կհասնեն. «Հանկած իմանան, թե ինչ են խոսում իմ մասին, կդադարեն ինձ հետ շփվել»: Այսպիսի մտահոգությունները կարող են նրանց մոտ նյարդային ցնցումներ առաջացնել:

Ինչպե՞ս արձագանքել բամբասանքներին

1. Խուճապի մի՛ մատնվեք և մի փորձեք իրավիճակից փախչել: Մի մոռացեք, որ բամբասանքով ենթադրվում է Ձեզ կառավարել: Եթե բուռն արձագանք ստացվի Ձեր կողմից, ուրեմն բամբասանք հորինողը կհասնի իր նպատակին: Հիշե՛ք, բոլոր մարդիկ տեսարանների սիրահարներ են, ու եթե նրանց հասկացնել տաք, որ «ներկայացում» չի լինելու, նրանք Ձեր անձի հանդեպ կկորցնեն իրենց հետաքրքրությունը: Լռելն ու բամբասանքներին չարձագանքելը լավագույն միջոցն է դրանց չտարածման համար:

2. Եթե դուք այն տեսակի մարդկանցից եք, ովքեր չեն կարող լռել, այդ դեպքում ավելի լավ է վկաների ներկայությամբ խոսեք: Խոսակցության ընթացքում Ձեզ հանգիստ, ինքնավստահ պահեք, իսկ եթե հնարավոր է անգամ` ուրախ: Գլխավորը չարդարանաք և փոխարենը շատ հարցեր տաք: Օրինակ` կարելի է հարցը ձևակերպել այսպես. «Ինձ հետաքրքիր է խնդրի մանրամասները, քեզ կոնկրետ ի՞նչ է հետաքրքրում»: Այս տեսակ հարցադրումը զրուցակցին համոզում է, որ Ձեզ կառավարելու նրա փորձերն անիմաստ էին:

3. Ասեկոսեները կրկին կտարածվեն, եթե Դուք չպարզեք դրանց հայտնվելու դրդապատճառները: Ասեկոսեներից խուսափելու համար Ձեր կյանքից պատմություններ մի՛ պատմեք շրջապատող մարդկանց: Ինչպես հայտնի է, եթե մեկ բանի մասին գիտեն երկուսը, ապա կարող են և ավելի շատ թվով մարդիկ իմանալ: Եթե խոսելու կարիք ունեք, ավելի լավ է անձնական օրագրում գրառումներ անեք կամ հոգեբանի դիմեք:

Բոլոր կանոններով պաշտպանություն

Հասնել նրան, որ Ձեր մասին չբամբասեն, հնարավոր է: Բայց պատահում է նաև այնպես, որ ասեկոսեներն ուղղակի հնարովի, իրականության հետ բացարձակ կապ չունեցող պատմություններ են:

Բոլորին անհատապես բացատրել, որ այդ ասեկոսեները չեն համապատասխանում իրականությանը, իմաստ չունի: Մանավանդ, որքան մարդը շատ ժամանակ և ուշադրություն է դարձնում այդ ամենին, այնքան ավելանում են բամբասանքները նրա հասցեին: Խղճացեք բամբասողին: Նա, ով Ձեր մասին չարախոսում է, ակնհայտ է, որ նախանձում է Ձեզ կամ ցածր ինքնագնահատական ունի, բամբասելով փորձում է իրեն բարձրացնել, ի վերջո մարդ է, ով երջանիկ չէ և արժանի է, որ նրան խղճան:

Աշխատեք Ձեր ինքնագնահատականի վրա: Ձեզ հասկանալն ու գնահատելը կօգնի հոգեբանը: Սակայն, եթե հնարավորություն չունեք հոգեբանին դիմելու, ապա Ձեր ամենամոտ ու հարազատ մարդկանց հայցեք: Խնդրեք նրանց, որ պատմեն Ձեր ամենաուժեղ և ամենաթույլ կողմերի մասին, բայց խոստացեք չնեղանալ նրանց անկեղծությունից: Չէ՞ որ սա մի քայլ է ինքներդ Ձեզ ավելի լավը դարձնելու ուղղությամբ: Օգտագործեք Ձեր երևակայությունը: Սա անհավանական և էֆեկտիվ միջոց է: Փորձեք մտովի Ձեր շուրջը հայելապատ կառուցել և ցանկացեք, որ այն, ինչ չարախոսում են Ձեր մասին, հայելին անդրադարձնի իրենց կյանքում:

Ամերիկացի սոցիոլոգ-հոգեբան Ռոբի Ուիլլերը հետազոտություն է անցկացրել և պարզել է, որ բամբասելու սովորությունը բարենպաստ է ազդում մարդու առողջության վրա, հատկապես կարգավորում է սրտի զարկերը:

Փորձերն անցկացվել են հետևյալ կերպ` մի խումբ մարդիկ, տեսնելով մի քանիսի վատ արարքը, փորձել են դա պատմել մյուսներին: Սա ոչ միայն մյուսներին պաշտպանելու դրդապատճառ է, այլև բամբասողը զգում է, որ ինքն ավելի լավն է, քան այդ արարքն իրագործողը: Սակայն, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Կարիք չկա համեմատվել այլոց հետ: Ամենախելամիտ քայլը սեփական անձի հետ համեմատվելն է և հասկանալը, թե որքանով եք դուք դեպի լավը փոխվել:

Եվ վերջում, եթե Ձեր թիկունքում բամբասում են, նշանակում է՝ դուք առջևում եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել