Մինչև այս շաբաթվա ընթացքում մենք զբաղված էինք գաղտնալսումներով, գաղտնալսումներից հետո արդարացումներով, գաղտնալսումների հետ թերևս իրական կապ չունեցող մարդկանց ասֆալտի վրա փռելով, ու ընդհանրապես "սևերի" ու "սպիտակների" բաժանվելով, մեր հակառակորդ երկիրը դուրս եկավ սպասողական վիճակից, և սկսեց ատամները ցուցադրել՝

ա) Իլհամ Ալիևը վերջապես գտավ մեր վրա հոգեբանական գրոհ սկսելու թելը՝ մեղադրելով Հայաստանի նոր իշխանություններին բանակցային պրոցեսը վիժեցնելու մեջ

բ) մեկ շաբաթվա մեջ Բաքվում եղան Էրդոգանը և մեր մյուս երդվյալ "բարեկամ" Լիբերմանը, ենթադրաբար, ոչ միայն շահիդների գերեզմանին ծաղիկներ դնելու համար

գ) Հաջորդ շաբաթ Բաքուն սկսում է մեծամասշտաբ զորավարժություններ՝ երկու ճակատային կորպուսների ուժերի լիակատար ներգրավվմամբ, և բացարձակ հարձակվողական նպատակով

դ) Մինչ այդ, Տավուշի մարզի մեր բնակավայրերը արդեն մի քանի օր է ֆիզիկակապես կրակի տակ են, իսկ ադրբեջանական մամուլը սկսել է լայնամասշտաբ ինֆորմացիոն կրակը

Մենք 2016 թ արդեն տեսել ենք, թե ինչպես է պատրաստվում և սկսվում պատերազմը, ինչպես է առաջնագծում պրովոկացիների ամպլիտուդը աստիճանաբար մեծացվում հոգեբանական և դիվանագիտական գրոհին զուգահեռ, իսկ հետո սկսում մեծ ուժերով հարձակումը։ Հիմա էլ հակառակորդի հաշվարկը պարզ էր արդեն վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ թույլ տալ, որ Հայաստանի նոր իշխանությունը հայտնվի դիվանագիտական մեկուսացման մեջ, իսկ երկրի ներսում բախվի սրվող ներքին դիմադրության, այդ պայմաններում մենք դառնում ենք հեշտ թիրախ արտաքին ագրեսիայի առաջ, և հիմա եկել է այդ ագրեսիան նախապատրաստելու պահը։

Մենք, ի սկզբանե ունենալով ավելի սակավաթիվ, և հակառակորդից փաստացիորեն ավելի թեթև սպառազինված ուժեր, նրա ագրեսիային կարող ենք հակադրել երկու հիմնական գործոն՝ մեր ներքին միասնականությունը, և կոնֆլիկտին ներգրավված գերտերությունների կողմից դիվանագիտական և գործնական աջակցությունը։ Ներքաղաքական նպատակներով վերջին երկու ամիսներին իրականացված գործողությունները հարվածի տակ են դրել երկուսն էլ, և այսօր մենք շատ ավելի թուլացած ենք ու խոցելի, քան ամառվա սկզբում, երբ հեղափոխությունից դրական ակնկալիքները վիթխարի էին։ 

Թեև վերջին մեկ շաբաթը դիվանագիտական մեկուսացումը ճեղքելու մասով չափավոր դրական էր, ներքին զարգացումները շարունակում են մտահոգիչ մնալ, և այն հակադրությունները, որոնք արհեստականորեն սրվում են իշխանության կողմից՝ սեփական դիրքերը Երևանի քաղաքապետարանի ընտրություններից առաջ ամրապնդելու համար, ավելի քան վնասակար և ջլատող են։ 

Հասարակության հետագա բևեռացումը, բանակի վրա շարունակվող հոգեբանական գրոհը, իշխանության կողմից հեղափոխական կոալիցիայի փաստացի կազմաքանդումը՝ բոլորը գործոններ են, որոնք բերելու են ներքին լարվածության հետագա աճի, և մեր հակառակորդին հնարավորություն են տալու այն օգտագործել սեփական նպատակներում։ Մենք մոտեցել ենք մի կարմիր գծի, որից այն կողմ կարող է սկսվել հերթական պատերազմը՝ երկու տարի առաջ այն հենց այդպես էլ սկսել է, ու մեզ առնվազն պետք է դաս առնել, ու նույն սխալները այս անգամ չկրկնել, մենք դեռևս դրա համար որոշ ժամանակ ունենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել