Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի տարածքում՝ Սևանա լճի ափին, հայտնաբերվել է տղամարդու դի, որի ինքնությունն արդեն պարզվել է: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը հավաստել է, որ ջրահեղձվածն այս տարվա օգոստոսի 3-ից Սևանա լճում անհետացած քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Նվեր Շահնազարյանն է, որին ջրափրկարարները,  բազմաթիվ ջրասուզումներ կատարելով, որոնում էին օգոստոսին:

Նվեր Շահնազարյանին վերջին անգամ բնակիչները տեսել էին օգոստոսի 3-ի կեսօրին, Արտանիշ գյուղի մոտակայքում՝  ափից 20 մետր հեռավորության վրա, որտեղից էլ նա անհետացել էր:

Նվեր Շահնազարյանը փորձել էր լողալով հետ բերել քամուց լճի խորքերը քշված ռետինե նավակը, որում գտնվել են իր քրոջ զավակները: Հենց այդ ժամանակ էլ  ջրահեղձ է եղել: Ջրափրկարարները կարողացել են փրկել անչափահաս երեխաների կյանքը և նրանց անվնաս ափ հասցնել, սակայն չեն գտել Նվերին: Որոնումները շարունակվել են շաբաթներ: Օրեր առաջ՝ սեպտեմբերի 1-ին, Արտանիշ գյուղի հակադիր ափին, Ծովազարդի տարածքում, գտվել է  տղամարդու դի, որը ոստիկանությունը հանձնել է դատաբժշկական փորձաքննության: Պարզվել է, որ դա հենց Սևանա լճում խեղդված Նվեր Շահնազարյանի մարմինն է: Դին արդեն հանձնվել է  ընտանիքին:  Այն  հայտնաբերվել է ջրահեղձման վայրից ալեկոծության ազդեցությամբ տասնյակ կիլոմետրեր հեռու քշված, ասել է Գարիկ Հակոբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել