Լեհաստանը գնալով ավելացնում է երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը: Ինչպես հայտարարել է Լեհաստանի սպորտի և տուրիզմի նախարարությունը, 2017 թվականին Լեհաստան է ժամանել 18,3 մլն արտասահմանյան զբոսաշրջիկ, ինչը 4,5 %-ով ավել է 2016-ին գրանցած ցուցանիշից: Այսպիսով՝ 2017-ի ամփոփ տվյալների համաձայն՝ Լեհաստանը զբոսաշրջիկների քանակությամբ առաջատար է դարձել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և անգամ շրջանցել է այնպիսի երկրների, ինչպիսիք են Պորտուգալիան (11 մլն զբոսաշրջիկ), Շվեյցարիան (11 մլն) և Նորվեգիան (6 մլն), որոնք ավանդաբար ամենաայցելվող տուրիստական ուղղություններն են համարվում:

«Լեհաստանը գրավիչ է ոչ միայն եվրոպացիների, այլ նաև զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունեցող Չինաստանի և Մերձավոր Արևելքի բնակիչների համար: Բարելավվում է երկրի ենթակառուցվածքը՝ ճանապարհները, հյուրանոցները: Ինչպես զբոսաշրջիկները, այնպես էլ արտասահմանյան լրագրողները նշում են, որ Լեհաստանում հաճախորդների սպասարկումը եվրոպական բարձրակարգ չափանիշներով է իրականացվում»,- ասել է Լեհաստանի զբոսաշրջության պետական պալատի ներկայացուցիչը:

Բացի այդ ամենից՝ Լեհաստանում տասնամյակներ շարունակ մեծ ուշադրություն է դարձվում քաղաքների պատմական թաղամասերի վերականգնման վրա, որը շատ կարևոր է զբոսաշրջության բնագավառի հետագա զարգացման առումով: Անգամ դեռ մինչ հիմա ընթանում են 2-րդ համաշխարհային պատերազմից տուժած տարբեր շինությունների ամբողջապես նորից վերականգնման աշխատանքները: Լուսանկարում Վարշավայի կենտրոնի պատմական հրապարակներից մեկն է, որը հիմնահատակ ավերվել էր 1944 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել