Նայելով այսօրվա օրվան՝ ևս մեկ անգամ համոզվում եմ, որ պատմությունը նման է պարույրի, և կան դեպքեր, որոնք պարբերականորեն կրկնվում են մեր պատմության մեջ:  
Հիշենք 1920 թվականը: Ի՞նչ կատարվեց Հայոց աշխարհում: Բոլշևիկյան գաղափարախոսության հուժկու ալիքի ներքո ժողովրդի մեջ ներարկվեց այն գաղափարը, որ Հայաստանի կառավարությունը ժողովրդի արյունը ծծելուց բացի ուրիշ ոչ մի բանով չի զբաղվում: Գաղափարն այն աստիճան արմատացվեց ու ներշնչվեց հայ մարդու մոտ, որ դրանից հետո դեռ տասնամյակներ շարունակ ու նույնիսկ այսօր մի ստվար հատվածի մոտ դեռ դաշնակցություն անվանումը ասոցացվում է ժողովրդի հարստահարիչների հետ...
Ինչի՞ հասցրեց ի վերջո դա:
«Հարստահարիչ» ու «պորտաբույծ» կառավարության դեմ պայքարի դուրս եկան բանվորագյուղացիական ազնիվ ուժերը ու... ու արդյունքում մենք ուղղակի կորցրեցինք մեր պետականությունը: Ընդամենը երկուսուկես տարի գոյատևեց հայոց անկախ պետականությունը, մի թիզ հողից սկսեց ու մի թիզ հողում էլ գերեզման իջեցվեց հենց այն լոզունգով, թե «կառավարությունը ժողովրդի արյունն է ծծում»:
Ի վերջո բանը հասավ նույնիսկ նրան, որ ժողովրդի մեջ սկսվեց ակտիվորեն քարոզվել, որ այս հարստահարիչների դեմ պայքարում մեզ օգնելու են գալիս մեր եղբայրական կարմիր Թուրքիայի զինվորները: Նրանք կազատեն մեզ այս ծանր լծից ու կնվիրեն մեր երազած ազատությունը:
Տեսանք՝ ինչ եղավ: Եղավ այն, ինչ լինում է, երբ ժողովրդին կառավարում են դրսից: Երբ ժողովրդին ներշնչում են օտար գաղափարներ: Երբ ժողովրդին հանում են իր իսկ պետականության դեմ:
Պարզապես կորցնում ես պետականությունը: Պարզապես դադարում ես աշխարհի տակ անկախ պետություն լինելուց, էլ չես ունենում քո հիմնը, դրոշն ու զինանշանը:
Չգիտեմ, միգուցե ինձ պարզապես թվում է, բայց այնքան նման են մոտ ինը տասնամյակ առաջ և հիմա հնչող ճառերն ու կոչերը, որ չեմ կարողանում ուղղակի չհամեմատել: Ինքս ինձ հարց եմ տալիս, մի՞թե կրկնվում է նույն պատմությունը: Մի՞թե այսօր էլ դրսի ուժերը նույն գաղափարը ներդնում են մեր ժողովրդի մեջ ու մղում նրանց մեր պետականության կործանմանը:
Օտարները շատ լավ են ուսումնասիրել մեր պատմությունը ու շատ լավ գիտեն, որ դրսից Հայաստանը կործանել չի լինի... Հայաստանը պիտի կործանեն ներսից, հայերի ձեռքով՝ նրանց մեջ ներմուծելով սին գաղափարներ, թե երբ կտապալեք ձեր կառավարությանը` դուք կստանաք իսկական ազատություն... ազատություն թե ստրկություն... Ինչքա՜ն լավ են կարողանում քողարկել ստրկությունը ազատություն բառով:
Այո, կրկնեմ ևս մեկ անգամ... Պատմությունը կարծես կրկնվում է... բայց այս անգամ չի կարելի, չի կարելի խաբվել նույն կերպ ու կորցնել պետականությունը... Համոզված եղեք՝ եթե մենք ևս մեկ անգամ կորցնենք մեր պետականությունը, այս անգամ դա կլինի առհավետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել