Օգոստոսի 7-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմի հետ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է 2018 թ. առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների՝ սպանության, ավազակության և կողոպուտի բացահայտումների, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման արձանգրված ցուցանիշները՝ ոստիկանության պետն ընդգծել է, որ նման պատկերն առաջիկայում անընդունելի է լինելու։

Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է ոստիկանության հանդեպ հասարակության վստահության և հարգանքի կարևորությանը: Հատկապես կարևորել է համայնքային ոստիկանության ծառայության դերը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, վստահության դաշտի ձևավորման, հանցագործությունների կանխարգելման գործում։

Վալերիյ Օսիպյանը հրահանգել է ահազանգերին արագ արձագանքել, բացառել դեպքեր թաքցնելու արատավոր երևույթն ու կոռուպցիոն ցանկացած դրսևորում։
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի հրամանով Լոռու մարզի մի խումբ ոստիկաններ պարգևատրվել են ոստիկանության հերթական կոչումներով, պատվոգրերով, մեդալներով, կրծքանշաններով և հուշանվերներով։
Հաջորդ հանդիպումը Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների հետ է կայացել։

Խորհրդակցության սկզբում Վալերիյ Օսիպյանը նախ անդրադարձել է առաջին կիսամյակում արձանագրված առավել մտահոգիչ ցուցանիշներին։ Պահանջել է  հատուկ ուշադրություն դարձնել ծանր, առանձնապես ծանր և նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտմանը։
Մարզային վարչության ղեկավարներին հանձնարարվել է կրտսեր խմբերի ծառայողներին, որոնք ունեն համապատասխան կրթություն և մասնագիտական որակներ, ներկայացնել սպայական կոչումներ ստանալու, միջին խմբի պաշտոններ զբաղեցնելու՝ կադրային տրամաբանական սերնդափոխություն ապահովելու համար։
Վալերիյ Օսիպյանի հրամանով խրախուսվել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։

Խորհրդակցության ավարտից հետո ոստիկանության պետը պատասխանել է լրագրողների հարցերին։
Այնուհետև ոստիկանության պետն այցելել է  ոստիկանության Կումայրիի նորակառույց բաժին, տեղում ծանոթացել է շինարարական աշխատանքներին և դրանց որակին։ Պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարվել է բացառել շեղումները օրենքով սահմանված շինարարության պլանից և նախատեսված ժամկետներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել