VH
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՓԱԿԻՐ ԱՉՔԵՐԴ` ՉԵՐԵՎԱՍ
հատընտիր բանաստեղծություններ
Կազմեց և խմբագրեց`
Արքմենիկ Նիկողոսյանը
 
 
ԴՈՒ ՉԵ՞Ս ՀՈԳՆԵԼ ՀՈՒՇ ԼԻՆԵԼՈՒՑ 

Ամենագեղեցիկ ծաղիկը միշտ բուսնում է
ամենահեռվում: Եվ չունենք ոչինչ ավելի
ինքնուրույն, քան մեր տեսողությունն է:
 
Չգիտեմ` ճանապարհների՞ն ավելի շատ
ճամփորդներ կան, թե՞ ճամփորդների մեջ`
ճանապարհներ: Երբ չեն ծնվում հայրենիքում`
մի՞թե ծնվում են:
 
Այնպես եմ մի չեղած անձրևի կարոտել, թվում է` մորս
ձեռքով թրծված կավը իմ մեջ ճաք է տվել. Սաթենիկ,
դու չե՞ս հոգնել հուշ լինելուց: Այո՞: Ո՞չ:
 
Մեկը ուշ գիշերով ծեծում է դուռս: Գնամ` բացեմ,
տեսնեմ ո՞վ է: Գուցե հենց ե՞ս եմ:
Ձայնս նժարում է տիեզերքի լռությունը:
 
Հեռուն անվերջ գումարվում է ինքն իրեն, և
աչքերիս մեջ մայրանում է երազը: Իսկ ամենաշատ
օրորոցները լինում են մեղվանոցներում:
 
Հեքիաթների ծաղիկը միշտ բուսնում է այնտեղ, ուր
հնարավոր չէ հասնել: Բայց մեղուն
անսխալ թռչում, իջնում է իրեն սպասող ծաղկի վրա:
 
 
ՀԵՔԻԱԹԻՑ ԴՈՒՐՍ
 
Տխուր է` մտածել, թե ուր էլ որ գնաս`
ոչ մի տեղ չես գնում,
պարզապես ճանապարհը հավաքում ես ոտքերիդ մեջ:
 
Որ ճշմարտությունը կատարյալ սուտ է,
քանի դեռ նրան հավատում են
անվերապահորեն: Այն, ինչ միայն իմն է, իմն էլ չէ:
 
Որ երկիրը, եթե բանակում զինվորյալ չէ
թագավորի որդին, դատապարտված է
կործանման: Իսկ ծաղիկը առեղծվածն է արևի:
 
Որ եթե չլինեն իմաստուն երևալու ճիգերը,
անշուշտ, այսքան համատարած չէր լինի
հիմարությունը: Մհերին քարայրում փնտրելը զուր է այլևս:
 
Որ անցյալը երբեք չի անցյալանալու,
քանի դեռ մեր աչքերը` հեռուների սերմեր աստղե,
չենք ցրում ներկայի սև ցելերում:
Գեղեցիկ չէ հուշը` երբ հուշ չէ:
 
Տխուր է մտածել, թե ինչ էլ որ ասես`
ոչ մի բան չես ասում,
և, ընդհանրապես, ավելորդ է աշխարհում ամեն խոսք:
 
 
ԼՈՒՍԱՆՑՈՒՄՆԵՐ` ԿԱՐՄԻՐԻ ՏԱԿ
 
Երբ խոսքերի մեջ բացակայում են
աչքերը, ուրեմն` ճշմարտությունը
հաստատապես չկա ոչ մի տեղ:
 
Հավքը չիջավ ուսիս, թռավ անհասանելի
աստղին: Երազը վերցրու հեռվից և
հեռուն կդադարի հեռու լինելուց:
 
Ամեն ինչ այլ է: Զուր մի փնտրիր այնտեղ,
ուր չկա: Խոտերը, որոնց միջով քայլում եմ.
սրբիչ-վարսերն են Մարիամ Մագթաղենացու:
 
Մոռացություն` ահա ժամանակի
կեղևը: Հուշը վերցրու անցյալից և
անցյալը կդադարի անցյալ լինելուց:
 
Ինձ այնպես է թվում, թե աշխարհում
չի եղել ու չկա բացարձակապես
ճշմարիտ ոչ մի թիվ կամ գոնե` խոսք:
 
Սևի սահմանումը սպիտակն է տալիս: Համառորեն
գեղեցիկ: Վերցրու կնոջը դրախտից և
դրախտը կդադարի դրախտ լինելուց:
 
Կյանքը քամահրական է` ինչպես բյուջեի
խորքից ելած չինովնիկի բարև` պատահած
պոետին: Ձյունը սպիտակ է փոխառված լույսից:
 
Ծարավը զուլալ է որպես ջուրը, որ
մատուցում է Էսկիֆեն: Իմ կարոտից վերցրու
քո աչքերը, և ես կդադարեմ ես լինելուց:
 
Հ.Գ.
Երբ առաջին անգամ հանդիպում են երկու բառ,
ես ևս ուզում եմ ներկա լինել: Քեզ ինձանից թաքցնում ես
աչքերիս իմ աչքերի մեջ: Եվ տխրությունը ձգվում է`
որպես մի անհայտ շարունակություն:
 
 
 
ԻՄ ՉՈՒՆԵՑԱԾ ՁԻՆ
 
Երբ փոքրիկ էի` ուզում էի ձի ունենալ,
երբ փոքրիկ չէի` ուզում էի ձի ունենալ,
երբ արդեն մեծ եմ` կուզեի ձի ունենալ…
 
Երևի ձին էլ կուզենար,
որ ես իրեն ունենայի,
որվհետև ես ուրիշներից լավ գիտեմ`
ինչպես ջերմ ու պարզ լինել ձիերի հետ:
 
Ես ուրիշի ձիով մի օր ուզում էի գնալ մի հեռու տեղ,
բայց աչքակալներ ուներ այդ ձին,
և չգիտեր` ինչ գեղեցիկ սարերով ինքը վարգում,
ու թեկուզ արդեն հասնում էինք,
ինձ թվում էր, որ չենք հասնի մենք ոչ մի տեղ…
Ու մինչև հիմա չգիտեմ` հասանք, թե ոչ…
 
Այնպես շա~տ եմ ուզում ձի ունենալ:
Ես իմ ձիով կհասնեի ամենուրեք,
Իմ մանկության հեքիաթների դղյակն անգամ…
 
Իմ չունեցած ձին տեսնես ո՞ւմն է հիմա…
 
Երբ փոքրիկ էի` ուզում էի ձի ունենալ,
երբ փոքրիկ չէի` ուզում էի ձի ունենալ,
երբ արդեն մեծ եմ` կուզեի ձի ունենալ,
երբ ես չեմ լինի` կուզենամ ձի ունենալ…
Շարունակությունը՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել