• Սիրելի՛ ընկերներ, այսօր լրանում է Մարտակերտ քաղաքի ազատագրման 25-րդ տարեդարձը։ Ադրբեջանական ուժերի կողմից Մարտակերտի օկուպացիան տևեց 1 տարի՝ 1992 թ․ հուլիսի 4-ից մինչև 1993 թ․ հունիսի 26-28-ը։ Մարտակերտ քաղաքի անկումն ուղիղ հետևանքն էր հունիսի 12-ին Ադրբեջանի սկսած լայնամասշտաբ հարձակման, որի առաջին թիրախը Շահումյանն էր։ Շահումյանի անկումը հանգեցրեց «մերկացած» Թալիշի ու Հաթերքի անկմանը։ Թալիշի անկումից հետո թշնամին հյուսիսային և արևելյան (Միր Բաշիր/Թարթառ) կողմերից զարգացրեց հաջողությունը Մարաղա-Տոնաշեն, Կարմիրավան-Կուսապատ, ինչպես նաև Ջանյաթաղ-Գյուլաթաղ ուղղություններով։ Այստեղ ադրբեջանցիների հաջողությունից, ինչպես նաև Մոխրաթաղի ու Մեծշենի անկումից հետո Մարտակերտը հյուսիսից և հարավից հայտնվեց շրջափակման մեջ։ Հուլիսի 4-ին հայկական ուժերին հաջողվեց ծանր մարտերով ապահովել Կուսապատի ուղղությամբ ազատամարտիկների և քաղաքացիական բնակչության նահանջն ու տարհանումը։ 
• Շարունակելով առաջխաղացումը և տիրելով Մեհմանայի բարձունքներին՝ Ադրբեջանն ի վերջո գրավեց Մարտակերտի շրջանի ամբողջ ցածրադիր հատվածը և հասավ Կիչանի մատույցներին, որի անկումը կարող էր կործանարար լինել Հայաստանի համար։ 1992 թ․ սեպտեմբերից մինչև Չլդրանի ուղղությամբ հայկական ուժերի հակահարձակումը (1993 թ․ փետրվարի 5) ռազմաճակատի գիծն անցնում էր Առաջաձոր-Կիչան-Սրխավենդ-(Հին) Ղազանչի բնագծերով՝ Խաչենագետի երկայնքով։
• Մարտակերտի անկումը կենդանի վկայությունն է արցախյան տեղագրական առանձնահատկությունների։ Կորցնելով A-ն՝ կորցնում ես նաև B-ն, և հակառակը՝ տիրելով B-ին՝ ապահովում ես A-ն։ Այս մասին շատ է գրվել, այդ թվում՝ իմ կողմից։ Պատերազմի տարեգրությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի, որ մեր հաջողությունները զարգացել են հենց այս տրամաբանությամբ։ 
• Այս առնչությամբ վաղը կհրապարակեմ մի քարտեզանյութ։ Խոստանում եմ՝ հետաքրքիր է լինելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել