Առաջին հանրապետության հռչակման, կայացման և անկման մասին ողջ ճշմարտությունը սովետական տարիներին բացարձակապես փակ ու արգելված թեմա է եղել: Միայն 1991-ի անկախության վերականգնումից հետո մենք վերջապես կարողացանք լիարժեք կերպով գնահատել 1918-1920 թթ. Առաջին հանրապետության կարճատև պատմության մեծագույն նշանակությունը, որի շնորհիվ էլ հենց Հայաստանը կարողացավ կրկին անկախանալ:

Այսօր վերհիշենք նաև, որ երկարատև ընդմիջումից հետո Առաջին հանրապետության հռչակմանը նվիրված անդրանիկ հանրահավաքը Երևանում կայացավ ուղիղ 30 տարի առաջ՝ 1988-ի մայիսի 28-ին Ազատության հրապարակում, երբ Հայաստանը փաստացի դեռ անկախ էլ չէր: Այդպիսով՝ 1920 թվականից հետո 68 տարի անց Երևանում առաջին անգամ հրապարակայնորեն նշվեց Առաջին հանրապետության անկախության օրը, այն էլ՝ միանգամից 70-ամյա հոբելյանը: Նախորդած ամիսների Ղարաբաղյան շարժման ցույցերից հետո, երբ ամեն ինչ դեռևս զգուշորեն ուղղորդվում էր «Լենին, Պարտիա, Գորբաչյով» սովետահպատակ կարգախոսներով, այս բացահայտ ազատական ու անկախական հանրահավաքի խորհուրդը թերևս շատ անսպասելի էր, և կարելի է ասել՝ հեղափոխական ու շրջադարձային դարձավ բոլորիս համար: Այդ օրն առաջին անգամ բաց և ուղիղ տեքստով խոսվեց հայ ժողովրդի անկախության գաղափարի մասին, վեր հանվեցին մոռացության մատնված մեր ազգային գործիչների անուններն ու գործունեությունը, և վերջապես առաջին անգամ Երևանում բարձրացվեց սովետական ժամանակաշրջանում արգելված հայկական եռագույը, որը մոտ ապագայում կրկին դառնալու էր մեր անկախ երկրի պետական դրոշը:

Հիմա նայում եմ այդ հանրահավաքի տեսագրությունը և կրկին վերապրում այն ամենը, ինչը տեղի է ունեցել բառացիորեն աչքերիս առջև: Այդ ցույցի մասին նախապես արդեն տեղեկացված էինք տարածված թռուցիկներից, պատրաստել էինք նաև փոքր եռագույն դրոշակներ: Օրը շաբաթ էր, ցերեկային ժամերին, ու բավականին մարդ էր հավաքվել: Միջոցառման կազմակերպիչն էր Ազգային ինքնորոշում միավորումը, և որպես ականատես հաստատեմ, որ այն կայացավ բացառապես երջանկահիշատակ Մովսես Գորգիսյանի նվիրումի ու եռանդի շնորհիվ, նա էլ հենց մեգաֆոնով (քանի որ իշխանություններն այդպես Էլ չթույլատրեցին հոսանքը միացնել) վարեց ողջ հանրահավաքը: Այստեղ էին նաև մեր ազնվագույն մտավորականները Վարագ Առաքելյանն ու Ռաֆայել Իշխանյանը: Վերջինս միջոցառման գլխավոր բանախոսն էր: Ռաֆայել Իշխանյանը խոսեց մայիսի 28-ի մոռացված գաղափարի կարևորության և հայոց պետականության կերտողի՝ Արամ Մանուկյանի մասին, ինչպես նաև անդրադարձավ հայոց լեզվի պահպանման խնդիրներին, որն այն ժամանակ ոչ պակաս կարևոր էր:

Մի պահ անսպասելի Օպերայի թատրոնի շենքի կենտրոնական դռները բացվեցին, և հարթակ դուրս եկան իշխող Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի անդամները և փորձեցին հորդորել ժողովրդին, որ ցրվեն: Նրանք անգամ իրենց հետ էին բերել բանաստեղծ Վահագն Դավթյանին: Սակայն հրապարակում հավաքված ժողովրդին հնարավոր չէր արդեն խաբել, շեղել ու տուն ուղարկել, և նա այլևս չէր հավատում ժողովրդից լրիվ կտրված, կուսակցական կոռումպացված համակարգի ներկայացուցիչներին: Սկսվում էր արդեն մեր պատմության մի նոր փուլ՝ Հայաստանի անկախության վերականգնման անշրջելի գործընթացը, որը պետք է ավարտվեր 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմամբ:
1988-ի մայիսի 28-ի հանրահավաքի տեսանյութը՝ այստեղ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել