• Մարդու, ինչպես և մյուս կաթնասունների ուղեղը նախատեսված չէ բարդ մտածողական (կոգնիտիվ) պրոցեսներ իրականացնելու համար։ Մարդու ուղեղը նախատեսված է վերջինիս գոյությունն օպտիմալիզացնելու, ասել է թե՝ ողջ մնալու ու հաճույք (reward) ստանալու համար։ Կաթնասուններից միայն մարդու ուղեղն է, որ հարյուր հազարավոր տարիների էվոլյուցիոն գործընթացի հետևանքով ձեռք է բերել ակնհայտորեն տարբերվող «կողմնակի էֆեկտ», որը մենք անվանում ենք «մարդկային բանականություն» կամ «խելք»։ Եվ չնայած սրան՝ մարդու ուղեղի՝ որպես մի սովորական կենդանու մի սովորական օրգանի, հիմնական էվոլյուցիոն գործառույթը շարունակում է մնալ օրգանիզմի ողջ մնալն ու հաճույք ապրելն ապահովելը, իսկ բարդ մտածողությունն ու վերլուծությունը կենսաբանական տեսանկյունից «խորթ» են մարդուն։ Կարճ ասած՝ ինչպես որ մարդն ի սկզբանե «ստեղծված» չէր երկու ոտքի վրա քայլելու համար, բայց էվոլյուցիայի ընթացքում այդպես ստացվեց, այնպես էլ մարդը «ստեղծված» չէր մտածելու համար․ պատահական մուտացիաների հետևանքով այդպես ստացվեց։ 
• Ի՞նչ դրսևորումներ ունի ասածս մեր իրականության մեջ։ Շա՛տ ուղղակի։ Երբևէ հետաքրքրե՞լ է, թե մարդն ինչու է հավատում միֆերի, այդ թվում՝ քաղաքական։ Պատճառը շատ պարզ է․ մարդն ունի իրականությունը հասկանալու և իրեն այդ իրականության մեջ տեղավորելու բնազդային հորմոնահարույց կարիք, իսկ հասկանալու գործառույթը վերապահված է ուղեղին։ Ուղեղը, ժամանակակից հաշվիչ մեքենաների նմանությամբ, աշխատելիս ընտրում է «ամենակարճ» ու քիչ էներգատար տարբերակը, ինչի արդյունքում առաջանում են միֆերը։ Միֆը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրականության պրիմիտիվացված պատկերում։ Միֆին հավատալն ավելի «էժան» է նստում ուղեղի վրա, քան երկարաժամ վերլուծություններ անելը, հետևաբար՝ ավելի քիչ էներգիա է տանում օրգանիզմից՝ այսպիսով երկարացնելով վերջինիս կենսաբանական գոյությունը։ 
• Նույնը կարելի է ասել նաև հաճույքի (գիտական եզրը՝ reward) մասին։ Իր սոցիալական գոյության ընթացքում շրջապատի ազդեցությամբ մարդու ուղեղում ձևավորվում են միֆեր, կաղապարներ, կարծրատիպեր, հայացքների համակարգեր, որոնք գոյացնում են յուրատեսակ «մենտալ կոմֆորտ զոնա», որից դուրս գալը սթրեսահարույց է մարդու համար, պահանջում է կամքի արտակարգ ուժ (ինչպես ցանկացած այլ կոմֆորտ զոնայից դուրս գալը), ուստի ուղեղը ոչ թե մարդուն հանում է այդ վիճակից (անգամ եթե իրականությանը վերաբերող փաստերը հերքում են մարդու պատկերացումները), այլ հակառակը՝ նույն այդ իրականության մեջ փորձում է գտնել այնպիսի ինֆորմացիոն միավորներ, որոնք կհաստատեն առկա կանխակալությունները՝ այդպիսով պահելով «մենտալ կոմֆորտ զոնան» և հաճույք պատճառելով մարդուն։ Դիցուք՝ մարդը, որն ամբողջ կյանքում լսել ու հավատացել է, որ Սաշիկ Սագսյանն «արյունարբու փայ մտնող է», առանց աչք իսկ թարթելու կամ աղբյուրի հավաստիությունը ստուգել փորձելու՝ հավատալու է այդ կաղապարի ներսում ձուլված ցանկացած ինֆովիժվածքի։ 
• Գիտական գրականության մեջ այս երևույթները կոչվում են «տռփամետ մտածողություն» (wishful thinking) և «նախակարծիքային կանխակալություն» (confirmation bias)։ Համապատասխան գիտական համայնքի շրջանում նույնպես առկա է կոնսենսուս, որ այս երևույթների առաջնային պատճառները պետք է փնտրել մարդու կենսաբանության մեջ։ Իսկ ինչ վերաբերում է մտածողական այս սխալանքներից ձերբազատվելուն, ապա առաջին հերթին պետք է իմանալ սրանց մասին, ապա՝ ունենալ որակյալ մտածողական գործիքակազմ, որն ամեն նոր ինֆորմացիոն միավորին կվերաբերի քննականորեն՝ պարզելով աղբյուրը, հավաստիությունը, հարաբերությունն այլ հայտնի փաստերի հետ, կարողանալով զանազանել էմոցիան փաստից, հայտարարությունը՝ եղելությունից, բամբասանքը՝ իրողությունից և այլն։ Կարճ ասած՝ սա մի բարդ ու էներգատար պրոցես է, ուստի զարմանալի չէ, որ շատերը, անգամ նրանք, որ ունեն համապատասխան կոգնիտիվ ունակություններ, շատ հաճախ ուղղակի «զահլա» չեն անում սրա մեջ թաթախվելու։ Հենց մարդու այս մտակամային թուլության վրա են հառնել, հառնում ու հառնելու բոլոր ժամանակների ու բոլոր տեսակի աղանդները՝ կրոնականից մինչև քաղաքական։
• Գիտնականն իրավունք չունի «պոլիտկոռեկտ» լինելու, գիտությունը շղարշներ չի ճանաչում, քանզի այն ներկայացնում և բացատրում է իրականությունը՝ իր մերկության մեջ։ Ասենք՝ գիտնականն իրավունք չունի պնդելու, թե «հանցանքն ազգություն ու մշակույթ չի ճանաչում»։ Ճանաչո՛ւմ է․ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ավելի շատ են բռնաբարում, քան Հայաստանում, ու դա ունի հստակ սոցիալ-մշակութային հիմք։ Գիտնականն իրավունք չունի պնդելու, թե Աֆրիկայի բնակիչն ու Եվրոպայի բնակիչը բոլոր առումներով հավասար են։ Հավասար չե՛ն․ անգամ գենետի՛կ մակարդակով հավասար չեն, էլ ուր մնաց՝ սոցիալ-մշակութային ու տնտեսաքաղաքական պայմանների մակարդակով։ Հանգունորեն և ե՛ս իրավունք չունեմ պնդելու, որ բոլոր մարդիկ ու իրենց կարծիքները հավասար են։ Հավասար չե՛ն, քանզի մարդկանց մեծագույն մասը հավատարիմ է մնում իր կենսաբանական սկզբին, և միայն մարդկանց մի փոքր մասն է գիշերուզօր մտածում՝ ջանալով հասկանալ իրերի ներքին տրամաբանությունն ու պատճառահետևանքային կապերը, և շատ հաճախ դա անելով ի հաշիվ իր բնազդային պահանջմունքների՝ ողջ մնալու ու հաճույք ստանալու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել