• Վաղը կլրանա Հայաստանում 1988 թ․ հեղափոխության և ղարաբաղյան շարժման իշխանության ավարտի մեկ շաբաթը՝ «յոթը»։ Իշխանության տարիներին ղարաբաղյան շարժումն արեց առավելագույնը՝ ինքնուրույն ձևավորեց անկախ պետություն, հաղթեց պատերազմում՝ ազատագրելով նախկին ԼՂԻՄ-ը և վերջինիս հարակից շուրջ 8000 կմ² հայրենական հողեր, ձևավորեց բանակն ու մյուս բոլոր պետական կառույցները, որ կոչված էին տեր կանգնելու հեղափոխության ու շարժման հաղթանակին։ 
• 1990-ականների խորը ճգնաժամից հետո՝ 2000-ականներին, արձանագրվեցին նաև տնտեսական զարգացում ու առաջընթաց, որոնք, ինչպես հետո պարզվեց, չունեին կառուցվածքային հիմք, հիմնված էին «արագ փողի» վրա, և արդեն 2008 թ․ դրությամբ դրանց էֆեկտը թուլացավ։ Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում սկիզբը դրվեց պետական համակարգում արմատական բարեփոխումների և հայտնի ազատությունների խթանման։ 
• 2011 թ․-ից հետո թշնամուն պարզ դարձավ, որ առերևույթ լեգիտիմության խնդիր ունեցող հայաստանյան նոր իշխանություններից անհնար է բանակցություններով ինչ-որ բան կորզել։ Առաջնագիծն սկսեց տարեցտարի ավելի թեժանալ, և արդեն 2016 թ․ ապրիլին ղարաբաղյան շարժումն արձանագրեց իր վերջին, բայց ամենաուժեղ խոյանքը։ Ցավոք, այսօր չի գիտակցվում այն, որ 2016 թ․ ապրիլը ոչ թե մեր պարտությունն էր, այլ՝ հաղթանակը։ 2016 թ․ ապրիլին 28-ամյա ղարաբաղյան շարժումը լեգիտիմության ու արդյունավետության դաժան քննություն բռնեց՝ պատվով հաղթահարելով այն և ի չիք դարձնելով ոչ պակաս երկար ու ձիգ տարիներ այդ օրվան նախապատրաստված ու ռազմական բյուջեի վրա մեզնից բազմապատիկ ավելի շատ միջոցներ ծախսած թշնամու քաղաքական նպատակները։ 2016 թ․ ապրիլին հայ-ադրբեջանական ռազմական հավասարակշռությունը ոչ թե խախտվեց, այլ հակառակը՝ ապացուցվեց ու վերահաստատվեց։
• Գրչակից ընկերներս համոզում են, որ այսքանով ղարաբաղյան շարժումն սպառել էր իրեն։ Չգիտեմ, վստահ չեմ։ Նման գնահատական միայն տասնամյակներ անց կարող են տալ պատմագետներն ու ազգային մտածողները։ Այսօր վաղ է խոսել այդ մասին։ Այսօր կարող ենք միայն արձանագրել եղածը։
• Իսկ ղարաբաղյան շարժման բարի ուրվականը կշարունակի քայլել հայոց քաղաքականության ոլորաններում այնքան ժամանակ, քանի դեռ 1988 թ․ հռչակված գերնպատակը՝ «միացումը», կյանքի է կոչվել միայն մասամբ, քանի դեռ ամոքված չէ «ղարաբաղցի-հայաստանցի» արյունահոսող վերքը, ու քանի դեռ մեր հաղթանակների հաղթանակը վերջնական ու լիակատար չէ։ 
• Նորերն ավելի բարենպաստ դիրքերից են սկսում այս պայքարը, քան իրենց ժամանակին հներն էին սկսել։ Նորերին պետք է օգնել, իսկ հներին՝ գնահատել։
• Շնորհակալությո՜ւն ձեզ, հայոց անկախ պետության հիմնադիր հայրեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել