Ազգությամբ ուկրաինացի Դմիտրի Կորչիվսկին իր «Պատերազմը ամբոխի մեջ» գրքի «Լեռները և զենքերը» գլխում գրում է. «... եթե հայերը ֆանտազիա ունենային գրավել Բաքուն, ապա նրանք այն անպայման կգրավեին...»: Այս խոսքերը հենց այնպես չեմ ուզում ներկայացնել... Ուղղակի հիշենք, հիշենք, որ 21 տարի առաջ ազատագրվեց Շուշին... Ռազմավարական տեսանկյունից Շուշիի գրավումը առանց օդուժի և ռազմական տեխնիկայի հզոր միջոցների պարզապես անհնար էր: Ինչպես նաև անհրաժեշտ էր ապահովել ուժերի առնվազն երեք անգամ գերազանցություն, որը հայկական կողմն ի վիճակի չէր: Իրավիճակը ավելի էր բարդացնում Շուշիի տեղանքը, իր բնական պաշտպանական հատկություններով: Ըստ օպերացիաի մտահղացման՝ Շուշին գրոհելու էին երկու ուղղություններով, որոնցից Շուշիի ուղղությամբ հակառակորդը չէր սպասում գրոհի (տվյալ ուղղության վրա անառիկ ժայռեր էին, որոնք հայկական հատուկ ջոկատը հաղթահարել էր մագլցելով), դրանցից բացի գրոհներ էին պլանավորված նաև Լաչինի և Ջանհասան-Քյոսալարի ուղղություններով: Լաչինի ուղղությամբ գրոհող վաշտերը, գործելով որպես շրջանցող ջոկատներ, աջից և ձախից պիտի շրջանցեին Քիրսը և գրավեին այն: Գրավելու դեպքում նրանք դուրս էին գալու Շուշիի թիկունք՝ սպառնալով փակել ադրբեջանցիների նահանջի ճանապարհը: Ըստ մտահղացման՝ շրջապատման մեջ ընկնելու վտանգը պետք է խուճապի մատներ ադրբեջանցիներին, նրանք մեծ ուժեր պիտի կենտրոնացնեին այս ուղղության վրա՝ դրանով իսկ թուլացնելով Շուշիի պաշտպանությունը: Շատ կարևոր էր նաև Ջանհասան-Քյոսալար ուղղությունը: Սա պետք է հանդիսանար մոլորեցնող գործողություն, իր վրա գրավեր ադրբեջանցիների ուշադրությունը՝ շեղելով Շուշին պաշտպանող հիմնական ուժերի ուշադրությունը գլխավոր հարվածի ուղղությունից: Սակայն անհրաժեշտ եմ համարում անպայման շեշտել մի կարևոր հանգամանք: Ամեն ինչ կարող էր վերջանալ անարդյունք, եթե օպերացիայի մասնակիցները հոգեբանորեն պատրաստ չլինեին հաղթանակի: Անհրաժեշտ եմ համարում մեջբերել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեսպիսկոպոս Մարտիրոսյանի հուշերը. «Մայիսի 7-ին զինվորները դիմեցին մեզ՝ ամեն մեկը խաչ էր խնդրում: Խաչերը կախեցինք նրանց պարանոցներից կամ ամրացնում էինք գլխարկների վրա: Ոմանք էլ կրծքի, թիկունքի կամ թևերի վրա ներկով խաչ էին նկարում կամ հագուստին կտորե խաչ կարում: Նույնիսկ խաչեր էին արված զենքերի ու զրահատեխնիկայի վրա: ԿԱՐԾԵՍ ԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔ ԼԻՆԵՐ...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել