Երկրի քաղաքական հարթակում ակտիվ գործընթացներ են տեղի ունենում, որը կապված է մի քանի օր հետո պառլամենտում նոր վարչապետի ընտրության հետ։ Քանի որ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգին, ապա ժողովրդավարական համակարգի կայացման տեսակետից առանցքային նշանակություն ունեն խորհրդարանականն ընդդիմության՝ «Ելք» դաշինքի ներսում տեղի ունեցող խմորումները։

«Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների կողմից փողոցային պայքարին դեմ լինելը այդպես էլ խոչընդոտող հանգամանք չհանդիսացավ, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր»-ը միայնակ դուրս գա փողոցային պայքարի։ ՔՊ-ն մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից քայլարշավ սկսեց, որն ապրիլի 13-ին իր հանգուցալուծմանն է հասնելու Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացմամբ։

Չնայած առկա տարաձայնություններին՝ «Ելք» դաշինքում չէին բացառում, որ հնարավոր է ինչ-որ պահի կոնսենսուս կայանա դաշինքի երեք ուժերի միջև, սակայն կոնսենսուսի ձևավորման հույսերին հուժկու հարված հասցրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ով մամուլում հրապարակեց իր հեղինակային հոդվածը՝ հիմնավորելով քայլարշավին չմիանալու որոշումը։

Հոդվածում Մարուքյանը կասկածի տակ է դնում փողոցային պայքարի հաջողությունը՝ ըստ էության, այն համարելով անարդյունավետ՝ փոխարենն առաջարկելով հանդես գալ ինստիտուցիոնալ ընդդիմության դիրքերից, այն է՝ ստանձնել իշխանությանը վերահսկելու և վերջինիս անսահմանափակ լիազորությունները սահմանափակելու գործառույթը:

Ստացվում է, որ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ՔՊ-ի գործելակերպի հակադիր ուղղությամբ են տանելու իրենց պայքարը։ Իսկ այս հանգամանքն առաջիկայում լուրջ բարդություններ է ստեղծելու «Ելք» դաշինքի գոյության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել