Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրինի շրջանի քրդական ինքնավարությունը փաստացի ոչնչացնելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հիմա էլ ի լուր աշխարհի հայտարարում է, որ թուրքական կանոնավոր բանակի կողմից քրդական անկլավների դեմ իրականացվող ներկա ռազմական գործողությունները շարունակական բնույթ են կրելու ինչպես Սիրիայի տարածքում, այնպես էլ Իրաքում: Նշենք, որ Թուրքիայի հետ համատեղ Աֆրինի ռազմակալման գործողություններին մասնակցում էր նաև «Սիրիական ազատ բանակ»՝ Սիրիայի կառավարությանն ընդդիմադիր ռազմականացված միավորումը, և փաստացի այս ամենը հնարավոր դարձավ Սիրիայում ռուսական զորախմբի լուռ համաձայնությամբ, որի այդ երկրում գտնվելու գլխավոր առաքելութունն է պաշտոնապես հայտարարված միացյալ Սիրիայի օրինական նախագահ Հաֆեզ Ասադին աջակցելը:

Այս ամենից ակնհայտ է դառնում, որ մեր տարածաշրջանում գնալով ավելի է ու ավելի է սրվելու քաղաքական և ռազմական իրավիճակը, և այս խառնակ ու դժվարին պայմաններում Հայաստանի՝ որպես անկախ պետականության, միակ երաշխիքը կարող է հանդիսանալ բազմավեկտոր, ճկուն և իրատեսական արտաքին քաղաքակության իրականացումը: Համեմատության կարգով վերհիշենք, թե ինչ իրավիճակ էր ռուս-թուրքական քաղաքական հարաբերություններում մոտ երկուսուկես տարի առաջ, երբ 2015 թվականի նոյեմբերին Թուրքիայի կողմից հովանավորվող Սիրիայի հակակառավարական գրոհայինները խոցեցին ռուսական ռազմական ինքնաթիռը և գնդակահարեցին ռուս օդաչուին:

Անմիջապես այդ իրադարձությունից հետո Մոսկվայում կայացան քննարկումներ՝ «Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դենոնսացիա. հնարավորությունները և ապագան» թեմայով: Այդ քննարկմանը խոսվել էր 1921 թվականի սովետա-թուրքական տխրահռչակ պայմանագրերի չեղարկման մասին, իսկ հայտնի ռուս քաղաքագետ, «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը մասնավորապես հանդես էր եկել հետևյալ ուշագրավ դրույթներով. «Այն, որ Թուրքիայի տարածքային ամբողջականությունն արդեն անցյալի վերհուշ է դառնում, արդեն իսկ փաստ է: Այն, որ այս հարցում կգտնվեն համապատասխան իրավական ձևակերպումներ, արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ... Իսկ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցն արդեն բառացիորեն մեռած է: Սահմանից այն կողմ` Թուրքիա երկիր՝ որպես այդպիսին, այլևս չկա․ այնտեղ այսօր արդեն փաստացի կիսաանկախ Քրդստանն է, իսկ վաղն արդեն` իրական անկախ Քրդստանը...»:

Հիմա տեսեք, թե ինչպես է ներկայումս կտրուկ փոխվել քաղաքական պատկերը մեր տարածաշրջանում․ Թուրքիան և Ռուսաստանը փաստորեն դարձել են ռազմական դաշնակիցներ, իսկ ահա բազմաչարչար «հայկական հարցը» միշտ էլ շահարկման առարկա է լինելու, երբ այդ խնդիրը որևէ մեկին պետք է գալու: Հիշենք թերևս, թե ինչպես այդ հարցն արդիական դարձավ 1945-ին Խորհրդային Միության համար: Այն ժամանակ Ստալինը հաստատուն կերպով մտադրված էր չեղարկել 1921-ի պայմանագրերը և ռազմակալել Արևելյան Թուրքիայի սահմանամերձ տարածքները: Այդ ամենը, օբյեկտիվորեն ասած, գուցեև այն ժամանակ արդեն հիմնովին փոխեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական բալանսը` միանշանակ ի վնաս Թուրքիայի: Սակայն դա չեղավ, չնայած ամեն ինչ նախապատրաստված էր սովետական զորքերի դեպի Թուրքիայի տարածք առաջխաղացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել