Ահա ավարտվում է «ընտրություններ» վերտառությամբ մոտ երկու տարի տևած այս մղձավանջը, որի գլխավոր հանդեսը Երևանի ավագանու ընտրություններն են լինելու, կարծես: Այս տարիների ընթացքում աչքներիս առջևով անցան մեր հասարակական-քաղաքական վերնախավ կոչվածի բոլոր ներկայացուցիչները: Բերանացի ասվեցին բոլոր սերտվածքները, խմբեր կազմվեցին ու լուծվեցին, մարդ-կուսակցությունները սրան-նրան սատարեցին, խոստումներ շռայլվեցին, փայլուն ապագաների գուշակություններ արվեցին և այլն, և այլն: Կարճ ասած, ժողովուրդը մեկ անգամ ևս տեսավ և հավանաբար հասկացավ նաև, թե ով ով է, եթե նա, իհարկե, վերջնականապես չի կորցրել ինչ-որ բան տեսնելու և առավել ևս հասկանալու ունակությունը… 
Հասարակական-քաղաքական ոլորտներում իրենց «հացը վաստակողների» նմանօրինակ գործունեությունը մեկ բառով կարելի է որակել որպես ԼԵԶՎԱՇԱՐԺՈՒԹՅՈՒՆ: Ահա արդեն քսան տարի է, և մենք այս նույն կամ գրեթե նույն մարդկանցից նույն բաներն ենք լսում, օգտագործվող եվրոբառակապակցություններից արդեն հոգնել ենք, փայլուն ապագաների կանխորոշումները մարդկանց հեգնանքն են առաջացնում, «արդարների. ու սրիկաների, «բանիմացների» ու տգետների, «ժողովրդավարների» ու ավազակապետերի այս մետամորֆոզումներն ու անընդհատ փոխատեղումները մարդկանց վերջնականապես շշկռացրել են ու արդեն ծիծաղ են առաջացնում: Մեր «գործիչները»՛ պիտի՞ վերջապես հասկանան, որ ԵՐԿԻՐ կառուցելն ու երկիր կառուցելու մասին լեզվաշարժությամբ զբաղվելը տարբեր բաներ են: Եվ եթե դեռ չեն հասկացել, ապա լավ է, որ իրենց սիրած այդ «գործով» զբաղվեն, երբ մենակ են և մեկուսի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել