Սողանքները տարեկան մոտ 45-50 մլն դրամի վնաս են հասցնում Հայաստանին, որի տարածքի 4 տոկոսը ակտիվ սողանքային գոտի է համարվում:

Սողանքները մեր երկրում սկսել են ուսումնասիրել դեռեւս 1950-ականներին: Ըստ պաշտոնական հաշվարկների` ներկայումս Հայաստանի տարածքում 2 հա մեծության 2504 սողանք կա, որտեղ առկա է 233 համայնք, որից 120-ում իրավիճակն առավել բարդ է: Ամենաակտիվ սողանքների թիվը 131 է, որոնց համար արդեն իսկ կազմվել են համապատասխան անձնագրեր:

Հակառակ պաշտոնական տվյալների` փորձագետները իրենց թվերն են առաջ քաշում եւ հայտարարում են, որ ըստ իրենց հավաքագրված տվյալների` Հայաստանում սողանքների թիվը հասնում է 3500-ի:

Մասնագետները նաեւ նշում են, որ եթե սողանքները քարտեզագրված են եւ հայտնաբերված, ապա այնտեղ չի կարելի կառուցապատել, անգամ չի թույլատրվում այդ տարածքներում անասուններ արածեցնել, որովհետեւ բուսականությունն այդ վայրերում պետք է պահպանվի: Սակայն պարզվում է, որ վերջին 20 տարիների ընթացքում հակասողանքային գրեթե ոչինչ չի արվել, եւ առկա սողանքները քանի գնում՝ ակտիվանում են:

Հիշեցեմ, որ սողանքներով հայտնի են հատկապես Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Սյունիքի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերը, որտեղ կան բնակավայրեր, որոնց բնակելի ֆոնդերի 90 եւ ավելի տոկոսը սողանքային վտանգավոր գոտիներում է: Մասնագետները մանրամասնում են, որ սողանքները մեծ վնաս են հասցնում հատկապես գյուղական բնակավայրերին:

Խորհրդային միության տարիներին սողանքներին մեծ ուշադրություն են դարձրել, իսկ կառավարությունը գումարներ է տրամադրել դրանց դեմ պայքարին:

Սողանքագետները նշում են, որ Հայաստանում սողանքները գրեթե հնարավոր չէ կանգնեցնել, դրա համար հսկայական գումարներ են հարկավոր, որը պետությունը չի կարող տրամադրել: Նմանատիպ կանգնեցումներ խորհրդային շրջանում իրականացվել են, դրանցից են, օրինակ, Դիլիջանի մոտակայքում գտնվող կինեմատոգրաֆիստների տան, կառավարական հանգստավայրի մոտ գտնվող եւ Կապանի թաղամասներից մեկին սպառնացող սողանքները:

Անկախությունից հետո մեր երկրում սողանքների դեմ պայքարի ծրագրեր են իրականացրել միայն միջազգային կազմակերպությունները: Հակասողանքային ամենամեծ ծրագիրն իրականացրել են ճապոնացիները, ովքեր ամենավտանգավոր 10 սողանքները քարտեզագրեցին, տիեզերական լուսանկարներով ստուգեցին բոլոր տվյալները եւ ներկայացրին ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս հնարավորության դեպքում առաջարկված միջոցառումներն իրականացնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել