Ի տարբերություն հայ-ռուսական կամ, օրինակ, հայ-ֆրանսիական մշակութային, քաղաքական կապերի, այսպես կոչված «բարեկամության»՝ հայ-գերմանականի մասին քիչ է խոսվում (նաև՝ հայ-անգլիականի): Կա մի կաղապարային տեսակետ՝ արևմտահայ մշակույթի վրա առավել ազդել է ֆրանսիականը, իսկ արևելահայի՝ ռուսականը: Իրականում արևելահայկականի մասով ճիշտ կլիներ վերաձևակերպել՝ առնվազն ավելացնելով ռուսականի կողքին գերմանական ազդեցության ուժեղ, թեկուզ կիսամոռացված ենթաշերտը: Խոսքը ոչ թե սովորական ազդեցության մասին է, այլ հիմնարար, ձևավորող, առաջնային: Հասկանալի պատճառներով գերմանական այդ հիմնարար ազդեցության մասին քիչ է խոսվել վերջին 10-ամյակների ընքացքում․ մեկ, որովհետև Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր 1914-18-ին, երկրորդ՝ սովետական քարոզչության պատճառով: 
Էլ չասած նրա մասին, որ այն, ինչ կոչում ենք ռուսական ազդեցություն, հաճախ միջնորդավորված, երկրորդ սորտի գերմանականն է, գերմանական ենթաշերտը արդի արևելահայ մշակույթի հիմքերի ձևավորման վրա եղել է նաև անմիջական և հզոր: Մենակ մի քանի առավել վառ օրինակներ: 
19-20-րդ դդ.-ի մեր բազմաթիվ առանցքային դեմքեր գերմանական կրթություն են ունեցել և գերմանական մտքի ազդեցությամբ են գործել և ստեղծել․ Աբովյանը, Ս. Նազարյանցը, գիտնականներից՝ Աճառյանը, Մանանդյանը, Մ. Աբեղյանը, Ե. Տեր-Մինասյանը, Ա. Հովհաննիսյանը և շատ ուրիշներ՝ յուրաքանչյուրը հիմնադիր իր ոլորտներում: Եթե ուզում եք համոզվել, օրինակ, գերմանական և ֆրանսիական կրթության տարբերությունների առումով թեկուզ միայն ոճի մեջ, կարող եք համեմատել, ասենք, Մանանդյանին Ադոնցի հետ: Նաև ունեցել ենք եկեղեցական գործիչների մեջ գերմանական կրթությամբ կարևոր դեմքեր, օրինակ՝ Տեր-Միքելյանը: 
Բայց ոչ միայն այսքանը: Նույն երևույթի մյուս կողմը գերմանացի գիտնականներն են, որոնք արդի հայագիտության ճյուղերի հիմնադիրներն են եղել հաճախ: Հայկական Լեռնաշխարհ եզրը, որքան հիշում եմ, գերմանացի աշխարհագրագետներն են ներմուծել (եթե սխալ հիշեմ, կներեք): Հայերենի արդի մեթոդներով ուսումնասիրման հիմնադիրը Հյուբշմանն է, հայոց պատմության քննական ուսումնասիրման սկիզբը դրել են Մարքվարտը, Գելցերը, հայ միջնադարայն ճարտարապետությունը որպես համաշխարհային կարևորության խնդիր ձևակերպել է Ստրժիգովսկին և այլն: Ուրեմն՝ աշխարհագրություն, լեզու, պատմություն, ճարտարապետություն՝ ամեն տեղ արդի մոտեցման ակունքներում գերմանական անուններ (իհարկե, ոչ միայն գերմանացիներ են եղել, բայց նրանց դերը շեշտված է): 
Սա ընդամենը մակերեսային ակնարկ էր շատ ավելի խորը թեմայի, որը հետո գուցե շարունակեմ: Ասածս էն էր, որ ժամանակն է վերջապես այսքան տարի անց ազատվելու սովետական քարոզչության կաղապարներից ու նորովի նայելու մեր մշակույթի զարգացմանը: Ու, այո, ով կռվել է Գերմանիայի համար, կռվել է Հայաստանի համար: 

Հ.Գ. Ես չեմ խոսում ավելի հին բաների մասին, որոնց դերն այսօր ավելի սիմվոլիկ է: Օրինակ՝ էն, որ Կիլիկյան թագավորությունը հռչակելիս Լևոն Բ-ն որպես սյուզերեն ընդունում է գերմանական (հռոմեական) կայսրին՝ այն նույն Ֆրիդրիխ Բարբարոսային, որի անունով կոչվել է 1941-ի ռազմական պլանը, իսկ Իսրայել Օրին մինչև ռուսներին ստիպված դիմելը ազատագրական իր ծրագիրը մշակել է Գերմանիայում՝ Պֆալցի կուրֆյուրստի արքունիքում և, ընդհանրապես, եղել է գերմանական, այլ ոչ ռուսական կողմնորոշման գործիչ, և նրա հետնորդներն էլ ապրել են Գերմանիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել