Լեռնահայաստանը (1920-1921 թթ., մինչև 1921 թ.՝ Ինքնավար Սյունիք կամ Զանգեզուր) չճանաչված հանրապետություն էր Անդրկովկասում։

1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը: Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն, մինչև պարզ կդառնար Հայաստանի միանալու հնարավորությունը: Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ:

1921 թ. փետրվարին Հայաստանում բռնկված ապստամբությունը ոգևորող նշանակություն ունեցավ Զանգեզուրի պաշտպանների համար, և երկարաձգվեց նրանց պայքարը: Նույն ամսում Յապոնի (Համբարձում Սարգսյան) ուժերը գրավեցին Դարալագյազը և միացրին անկախ Սյունիքին: Ապրիլին, երբ ապստամբությունը պարտվեց, Դարալագյազը ապստամբների և նրանց զգալի թվով կողմնակիցների համար դարձավ նահանջի ուղի դեպի Սյունիք:

1921 թ. ապրիլի 27-ին դարձյալ Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան: Սպարապետ Նժդեհը դարձավ վարչապետ և պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» (Ղափանի շրջանի համանուն լեռան անունով, որտեղ կռիվների ընթացքում աչքի էր ընկել Նժդեհը) շքանշանով: Համագումարի կազմը (95 մարդ) հայտարարվեց Լեռնահայաստանի պառլամենտ: Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն` Սիմոն Վրացյանի վարչապետությամբ: Նման անվանումն ուղղակի հակադրվում էր Խորհրդային Հայաստանին և ասես մարտահրավեր էր նետում նրան:

Նորանոր դիմումներ էին արվում Նժդեհին և շարունակվում բանակցությունները նրա հետ` կռվին վերջ տալու պայմանների շուրջը: Այդ պայմանների բավարարման նպատակ ուներ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի պլենումի 1921 թ. հունիսի 3-ի որոշումը, որով Հայաստանին հանձնարարվում էր հայտարարություն անել այն մասին, որ Արցախը պատկանում էր Խորհրդային Հայաստանին:

Այդ ժամանակ Զանգեզուրի գոյամարտը Խորհրդային Անդրկովկասում «հակահեղափոխական» պայքարի վերջին օջախն էր, որի մարումը կարևոր նշանակություն ուներ Խորհրդային Ռուսաստանի համար` Անդրկովկասի վրա իր ազդեցությունը ամրապնդելու տեսակետից:

Հաշտության խաղաղ միջոցներ գտնելու հետ մեկտեղ խորհրդային ուժերը պատրաստվում էին վճռական մարտական գործողությունների: Այդ ուժերը (Կովկասյան առանձին բանակը արևելքից` Ադրբեջանից, և կարմիր բանակի Երևանյան խմբավորումը արևմուտքից) 1921 թ. հունիս-հուլիսին զարգացրին ռազմական գործողությունները Զանգեզուրի պաշտպանների դեմ: Կրած պարտությունները, ինչպես նաև խորհրդային իշխանության տված հավաստիացումները Նժդեհին հարկադրեցին վայր դնել զենքերը: Հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհը փոքրաթիվ մասնակիցներով թողեց Սյունիքի և Հայաստանի սահմանները, հայտարարելով, որ եթե Սյունիքը չմնա Հայաստանին, ինքը կվերադառա պայքարը շարունակելու համար:

Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքար էր, որը մղվում էր երկրամասը ադրբեջանական վտանգից պաշտպանելու համար: Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ Զանգեզուրի գյուղացիության մղած գոյամարտն ունի պատմական նշանակություն: Դրա շնորհիվ է, որ այսօր Զանգեզուրը գտնվում է Հայաստանի սահմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել