Այս տոնական օրերին ևս մեկ անգամ բախվելով մի տարածված առցանց վարքի՝ որոշեցի վերջապես գրել մտահոգությունս ու սրտանց խորհուրդս:
Եթե ցանկանում եք շնորհավորել որևէ մեկին Ամանորի, Սուրբ ծննդի, անկախության օրվա կամ մեկ այլ տոնի առթիվ, ապա արժե լրացուցիչ մի քանի վայրկյան ծախսել և անվանական դարձնել Ձեր շնորհավորական նամակը, այլապես ավելի լավ է ընդհանրապես չուղարկել այն: Այսինքն՝ քաղաքավարության ու հաղորդակցության կանոնները ենթադրում են, որ մարդուն նամակ գրելիս պետք է դիմել նրան, որպեսզի նա հասցեական ընկալի Ձեր նամակը: Անձամբ ես չեմ բացում և չեմ պատասխանում այն նամակներին, որոնք ուղարկված են քոփի-փեյսթ արած անհասցեական տեքստով կամ պատրաստի շնորհավորական լուսանկարով կամ հղումով՝ առանց որևէ կերպ բարևելու և անվանապես ինձ դիմելու: Նույնը վերաբերում է տարբեր առիթներով ու նպատակներով հղումներ ուղարկելուն, երբ մարդ հավես չի անում նույնիսկ քեզ դիմել անհատապես և գրել իր ակնկալիքը բացատրող կարճ խնդրանքը կամ առաջարկը, բայց ակնկալում է, որ դու հավես կանես ու ժամանակ կունենաս իր ուղարկած հղումը բացելու կամ էջը հավանելու համար: 
Ես այդպիսի նամակներից եզրակացնում եմ, որ դիմացինն այնքան չի կարևորել այդ նամակը և մեր հարաբերությունները, որ չի ցանկացել լրացուցիչ մի քանի վայրկյան ևս ծախսել կենդանի նամակ դարձնելու համար: Էլ չասեմ, որ նման նամակներն ինձ համար նաև կասկածելի են համարվում անվտանգության տեսանկյունից:
Ուստի եթե մարդկանց նամակի միջոցով շնորհավորում ենք կամ որևէ բան ենք ակնկալում նրանցից, ապա պետք է բարի և քաղաքավարի գտնվենք նաև այդ նամակի վրա ժամանակ ծախսելու և դիմացինին մեր անփույթ վարքով չարհամարհելու համար:։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ, սիրելի՛ ընկերներ: Թո՛ղ ժպիտն ու լավատեսությունը տիրեն ամենուր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել