Կային ժամանակներ, երբ ցանկացած զինվոր, ներկա չափանիշներով, հերոս չէր, հերոս չէր Քանաքեռի, Չոբանքյարայի ու Հոկտեմբերյանի թիկունքային զորամասերում ծառայողը, հերոս չէր թշնամու խրամատից 500 մետր հեռու դիրք պահող, նույնիսկ 50 մետր հեռավորության վրա կանգնող սահմանապահը։ Մեր սնունդն ու հագուստն ապահովում էր բանակը, մեր ծնողներն էլ, որպեսզի քաղաքացիական սնունդը չկարոտենք, ժամանակ առ ժամանակ մեզ սնունդ էին ուղարկում, այսպես ասած՝ տուլիկ (չէ, հաստատ սովամահ չէինք լինում), նաև բարձրորակ գուլպա, վարտիք (դե, ՊՆ-ն պարտավոր չէր բոլորիս բռենդըվի հագցներ, ի վերջո սանատորիա չէր)։ Պատերազմին սկզբից մինչև վերջ մասնակցած մայոր Բուդաղյանն էլ հերոս չէր, գնդապետ Գասպարյան Օնիկն էլ, որ հյուսիսարևելյան սահմանն անառիկ պահեց կռվից հետո մինչև հիմա՝ մինչև գեներալ դառնալը։ Գլուխներս կախ ծառայում էինք, մեր բախտով «անհանգստացող» ՀԿ-ներ չկային, մի հոգի կար, տիկին Մառոզ էին ասում, գալիս-գնում էր։ Սկզբում զզվում էի իրենից, հետո զգացի՝ դե, անգրագետ կին ա էլի, իր հնարավորություններն ու քաղաքակրթության մակարդակն այդ level-ի վրա են, իր պահվածքով ահագին վնաս հասցնելով զինվորներին՝ թող մտածի՝ մեծ գործ արեց։ 
Որ արձակուրդ էինք գալիս, ճանապարհին կանգնում էինք, պատահական մեքենաները մեզ չէին վերցնում, մի քիչ թանկերը՝ առավել ևս. դե, մտածում էին՝ էժան ծխախոտի ուժեղ, վատ հոտ է գալու մեր վրայից կամ քրտինքի։ Մի անգամ մի BMW վերցրեց ինձ, իջնելիս 1000 դրամ գումար պահանջեց։ 
Հերոսը Մոնթեն էր։ Երբ մայոր Բուդաղյանին խնդրում էինք մի բան պատմել նրանից, մի կերպ մի բան էր պատմում ու հուզվում էր, ու եթե մայոր Բուդաղյանին ասեիր հերոս, թարս կապտակեր՝ համարելով, որ Մոնթեին եք վիրավորում։ 
Հա, ինչ էի ասում. ժողովուրդ, էս ֆետիշացումը թարգեք, սա շատ վատ բանի կհանգեցնի, թողեք՝ ծառայեն. դա ցանկացած առողջ տղայի պարտականություն է, որը պիտի կատարի առանց ձեր ավելորդ էմոցիոնալ պոռթկումների։ Տարկետման իրավունքի վերացման լավն էլ դա է։ Անցյալ տարի իմ աչքով եմ տեսել՝ ինչպես էր մի զինվոր, տառ անգամ չպատասխանելով, դասախոսին պարտադրում իրեն գնահատել, քանի որ ինքը սահման է պահել։ Դասախոսը գնահատեց՝ դրվատանքի խոսքեր ասելով, ու ես հասկացա՝ մենք կոնկրետ աստիճանաբար սկսում ենք փչացնել մարդու։ Սրանից հետո ոչ մի ծառայած որպես առանձնակի առավելություն չի դիտվի, ի վերջո կսովորեն։ Սահման պահող զինվորը նույն տուն պահող տղան է, որը նորմալ պիտի դիտվի հանրության աչքին։ Այ, այս կամ այլ մեթոդներով թռնողները մինչև վերջ պիտի պախարակվեն։ 
Ազգ-բանակ կոնցեպտը լավ բան է, խիստ անհրաժեշտ, բայց դրա ֆետիշացումը լուրջ վտանգ կունենա հետագայում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել