«Հայկական ծագմամբ արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանի «Tieras de Armenia» ընկերությունը հայց է ներկայացրել հայ գինեգործների, գինու արտադրությամբ զբաղվողների դեմ, պահանջելով այլևս չօգտագործել «Կարաս» բառը ոչ գինիների պիտակի, ոչ էլ արտադրության բրենդի մեջ: Հայցվոր կողմը նաև պահանջում է ոչ օրինական ճանաչել «Սակի և Սանս» անվանումով գրանցված ընկերությունը, որը զբաղվում է հիշյալ գինու տեսակի արտադրմամբ: Այս մասին հայտնում է Rusarminfo գործակալությունը:
 
«Սակի և Սանս» ընկերության ներկայացուցիչ Զորիկ Ղարիբյանը հայտարարել է, որ տարիներ շարունակ իրենք կիրառել են գրանցված բրենդը և ոչ մի խնդիր չեն ունեցել արտադրողի հետ, որոնք իրենց հերթին ներառել են «կարաս» բառը գինու նկարագրության մեջ: «Հիշյալ տեսակը պահպանվում է կարասում, դա հին գինեգործական ավանդույթ է, մենք հրաժարվելու՞ ենք այդ ավանդույթից: Ես չեմ կարող նկարագրության մեջ հիշատակել, որ գինին պահպանվում է կարասներում, դա համարվում է խախտում»,-ասել է Ղարիբյանն ու հավելել, որ հայցն անմիտ են համարում ու չեն պատրաստվում հրաժարվել իրենց բրենդից:
 
Ղարիբյանը նաև հայտարարել է, որ Էդուարդո Էռնեկյանը փորձում է մոնոպոլացնել հայկական գինու արտադրությունը Հայաստանում, այդ պատճառով էլ դիմում է նման քայլերի` հերթով շուկան արտադրողներից մաքրելու համար:
 
Նշենք, որ Էդուարդո Էռնեկյանն Արգենտինայի ամենահարուստ հայն է ու երկրի խոշոր գործարարներից մեկը, այս տարվա սեպտեմբերին նրան ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհվեց»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել