Գարեգին Նժդեհի անկեղծ նամակը իսկապես չի կորցրել իր նշանակությունը նույնիսկ 21-րդ դարում.  

«Ժողովո՛ւրդ, ինձ լքելուց, ինձ դավաճանելուց առաջ զլացար իմ խնդիրը կատարել։ Դու չուղարկեցիր վարպետներդ բութ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումը, քո բարոյական անկումը։ Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ...Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ»: 

Անշնորհակալությունը չարության ամենավատ դրսևորումն է, քանի որ սովորական չարությունը կարելի է հիմնավորել էգոիզմով, «կյանքի բերումով» և այլ կեղծ դրույթներով: Ցավոք, մեր հասարակությունում անշնորհակալությունը դառնում է սովորական ու նորմալ:

Միգուցե պատճառն այն է, որ ամեն մի լավ բան ավելի հեշտ է մեկնաբանել խորը «շահով», քան մարդու բարի կամքով: 

Եթե մի բարի մարդ մի բարի գործ է անում, առաջինը մտածում են. «Տեսնես, ինչ էր ուզում...» կամ «Որտե՞ղ ա ուզում սրանով քցած լինի», իսկ իրականում միգուցե մարդը պարզապես այդ օրը իր ողորմածիկ մորն էր տեսել երազում:

Սովորական է դարձել, երբ մարդը վիրահատության/կնունքի/ հարսանիքի համար փող է ստանում իր ծանոթից, իսկ նրա հետևից հայհոյում է: Միգուցե սա ենթագիտակցական վախերի հետ է կապված... Չգիտեմ...

Սովորական է դարձել, երբ մուրացկանը մունաթով է նայում, երբ իրեն տալիս ես ոչ թե 100 դրամ, այլ 20 կամ 50,… մինչդեռ ուրիշները ոչինչ էլ չեն տալիս, կամ էլ տալիս են ապտակ ու քացի: 

Սովորական է դարձել, երբ տրանսպորտում տեղն են զիջում որևէ մեկին, իսկ նա փոխանակ շնորհակալություն հայտնելու` ասում է. «Լավ ա ֆայմեցիր»:

Սովորական է դարձել, երբ մեքենան փչացել է քաղաքից դուրս, և գյուղացիները փորձում են օգնել, իսկ վարորդը հեռախոսով պատմում է իր ընկերոջը, թե «արա, էս ինչ քյալ են էս գեղցիք…»:

Սովորական է դարձել, երբ հիվանդը մահանում է, ասում են՝ «բժիշկները սպանեցին», իսկ երբ հիվանդը լավանում է` ասում են. «Աստված փրկեց…»: Իհարկե, միգուցե Աստված փրկեց, բայց միգուցե բժշկի սրսկած ադրենալի՞նը!! Անշնորհակալ մարդկանց մտքով չի անցնում, որ հնարավոր է, բժիշկը գիշերներ է լուսացրել իրենց հարազատի կողքին:

Զարմանալի է, երբ որոշ մարդիկ ամեն ինչ անում են, որ իրենց որդիները չծառայեն բանակում, բայց հիստերիկանում են, երբ ռուսների որդիները ծառայում են հայ-թուրքական սահմանին:  

Զարմանալի է, երբ օգնություն են ստանում սփյուռքից և համարում են, որ դա այդպես էլ պետք է լիներ: Ոմանք նույնիսկ նեղվում են, որ օգնությունը ցանկալիից քիչ է: 

Ցավալի է, Մարդը (հատուկ է գրված մեծատառով) կարող է խեղդվելուց փրկի տասնյակ մարդկանց, երբ դրա հետևանքով հայտնվի հիվանդանոցում, իսկ փրկվածներից ոչ ոք չի այցելի նրան:

Ցավալին այն է, որ անշնորհակալ են միայն մարդիկ: Կենդանիները գործում են բացառապես բնազդով ու շնորհակալություն պետք էլ չի ակնկալել նրանցից:

Եթե կերակրում ես աղավնիներին, ու նրանք «օրհնում» են մեքենադ սպիտակ «հետքերով», դա չի նշանակում, որ նրանք անշնորհակալ են, պարզապես նրանք չեն տարբերակում իրենց բարեգործի անձնական սեփականությունը երկրագնդի այլ մակերևույթից: 

Մարդը յուրահատուկ է նրանով, որ գործում է ոչ թե բնազդով, այլ գիտակցմամբ, իսկ գիտակցված անշնորհակալությունը մարդուն հասկանալու հիանալի չափանիշ է: Հասկանանք ու շնորհակալ լինենք զմիմիանս: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել