Անցնող շաբաթվա քաղաքական ու հանրային խճանկարը բավական բազմազան էր, բայց, միևնույն է, հիմնական զարգացումներն ու մտածումները ապրիլի 9-ի դեպքերին էին առնչվում և, անշուշտ, դիտարկվում Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում։
Ու, թեև ապրիլի 9-ին, գրեթե արյուն չհեղվեց, և փառք Աստծո, այնուամենայնիվ, դարձյալ փաստվեց, որ բաժանարարների հասարակությունում ենք ապրում, և անհանդուրժողականության, բռնության, օրինացանցության ու սադրանքի մշակույթը մեր իրականության անբաժանելի բաղադրիչներն է: Իսկ ամենավիրավորականն այն է, որ այդ բաժանարար գծերի, երկու կողմում էլ մենք ենք, ու մեր միջև խրված սեպից առաջացած վերքը շատ ցավեցնող է ու մոռանալու համար ժամանակի կարոտ:
Ցավեցնող ու հատկապես մեր երկրի համար տխուր էր նաև այն իրողությունը, որ ոստիկանների անհամաչափ գործողությունները կատարվում էին Երևանի ոստիկանապետի լուռ հայացքի ներքո, թերևս նաև կարգադրությամբ, և հակառակ հավաստիացումների, թե ոստիկանական ծառայությունը բարեփոխման ընթացք է ապրում՝ հավակնում հանրային ընկալման մեջ դառնալ օրինապահության ու հանրային ծառայության սպասավոր։
Դեպքից երկու օր անց Երևանի ոստիկանապետն ազատվեց աշխատանքից։ Պաշտոնանկության տարբեր մեկնաբանություններ տրվեցին, եզրակացություններ, դատողություններ։ Ինձ նման շատերը պիտի ուզենային իբրև պաշտոնանկման հիմնական պատճառ և հիմնավորում տեսնել այդ օրվա նրա անգործությունը, իսկ ավելի ճիշտ խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության ոչ համաչափ գործողությունները։ 
Հրապարակվեց ՀՀ ոստիկանության շատ զուսպ մեկնաբանությունը. Երևանի ոստիկանապետն աշխատանքից ազատվել է պաշտոնական դիրքի և բիզնես շահերի անհամատեղելիության պատճառով։ Այն, որ ոստիկանապետը Երևանում ծաղկող «Մոսկվիչկա» հանրախանութների ցանցի սեփականատերն էր, բացահայտ ու անթաքույց ճշմարտություն էր և հայաստանցիների համար այնքան «սովորական», որ ոչ միան դադարել էինք զարմանալ, այլև քննարկել դրա քաղաքական ու բարոյական կամ էթիկական ասպեկտները։ Ինչևէ, նախընտրելի պիտի լիներ նրա պաշտոնանկության երկու պատճառներով (նաև ապրիլի 9-ի) հիմնավորումը, բայց նույնիսկ մեկը խոսուն է և տարողունակ, ավելին՝ նշանային։ 
Այն, որ Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճած են ու երկրի ախտերի, կառավարման անարդյունավետության, մենաշնորհների, կլանային ու ստվերային տնտեսության հարուցիչներից հիմնականը բիզնեսի ու քաղաքականության համաձույլն է, նորություն չէ։ 
Արդյոք կարո՞ղ ենք այս վերաբերմունքը դիտարկել երկրում սպասվող և հրամայականի վերածված բարեփոխման քաղաքական պատվերի համատեքստում։ Արդյո՞ք ևս չորս տարի պիտի սպասենք՝ հավատալու, որ այս մոտեցումը կաշխատի նաև երկրի գլխավոր քաղաքական հարթակի՝ Ազգային ժողովի պարագայում, ուր իր ողջ «հմայքով» ներկայացված է օլիգարխիայի սերուցքը, ժամանակը ցույց կտա։
Իսկ մինչ այդ, այդպես էլ չմիավորված, բայց երկրի քաղաքական ձախողումները «ստույգ» ախտորոշող և երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման բանաձևերին տիրապետող ընդդիմադիր ուժերը շարունակում են ավելի շատ միմյանց քննադատել, հընթացս խոսել իշխանափոխությունից և Երևանի ավագանու ընտրությունները դիտել Հայաստանում իշխանության հասնելու հիմնական հանգրվան։ 
Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցելու հրավերը մնաց օդի մեջ, ավելի ճիշտ ապրիլի 9-ի բաժանարարից այն կողմ, մինչդեռ երկխոսությունն անհրաժեշտություն էր, թելադրված Հայաստանի հեռանկարով ու մարտահրավերներով։ Գրեթե վստահ եմ, որ եթե երկխոսությունն իսկապես կայանար, ու գիտակցվեին նրա քաղաքական բովանդակությունն ու համազգային ուղերձը, գուցեև որակապես այլ երկիր կունենայինք, այլ քաղաքական իրավիճակ։ 
Իսկ մինչ այդ ընդդիմության չմիավորվելը ժողովուրդը մեկ անգամ էլ արձանագրեց որպես կորցրած շանս ու խրոնիկական անկարողություն՝ սեփական հուսահատությունը մեղմելով ընդդիմության այն հաստատումներով, որ նրանց կհաջողվի հետընտրական դաշինք ձևավորել։ Սա թերևս այն միակ վարկածն է, որ թույլ է տալիս իր հեռանկարը Հայաստանի հետ կապող երևանցուն գնալ ընտրության ու մտածել, որ այնուամենայնիվ ամեն ինչ կորած չէ։ 
Իսկ մինչ այդ կա մայիսի 5-ը։ 
«Ասպարեզ», 18.04.13

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել