«Վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հարաբերությունները լավ չեն, ինչը նորություն չէ: Բայց ասել միայն, որ նրանց հարաբերությունները լավ չեն, նշանակում է ոչինչ չասել: Մեր հավաստի տեղեկություններով՝ վարչապետն ու նախարարը անձնական հակակրանք են զգում միմյանց նկատմամբ. վաչապետը, արդեն տեւական ժամանակ է, պաշտոնական մակարդակից դուրս, ընդհանրապես չի խոսում Արծվիկ Մինասյանի հետ, նույնիսկ բարեւ չի տալիս նրան:

Կարեն Կարապետյանի համար թեեւ Արծվիկ Մինասյանն անընդունելի է, բայց չի էլ կարող նրան ստիպել՝ հրաժարվել պաշտոնից, քանի որ դա կոալիցիոն գործընկերության շրջանակներում է կարգավորվում, եւ այդ հարցն իր որոշելիք հարցերի շրջանակից դուրս է: Այսինքն՝ որքան էլ չսիրի վարչապետն իր նախարարին, միեւնույն է՝ նրանից ազատվել չի կարող: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արծվիկ Մինասյանն էլ ընդհանրապես չի փորձում շտկել իրավիճակը: Ավելին, երբեմն նեղ շրջապատում, երբեմն էլ՝ հրապարակային դեմարշ է անում Կարեն Կարապետյանի, նրա դիտարկումների, մտքերի դեմ: Մեր հավաստի տեղեկություններով՝ վերջերս, «Դիլիջան» ազգային պարկում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ վարչապետը բնապահպանության նախարարին որոշ հարցեր է ուղղել, Արծվիկ Մինասյանը կտրուկ պատասխանել է նրան ու նշել, թե հենց դրա համար է ինքը ժամանակին առաջարկել փոխել «Դիլիջան ազգային պարկի» տնօրենին, բայց վարչապետը չի համաձայնել:

Սա, բնականաբար, անձնական վիրավորանք է դիտարկվել Կարեն Կարապետյանի կողմից, որովհետեւ հիշում ենք՝ ամռանը, երբ «Դիլիջան ազգային պարկի» տնօրեն նշանակվեց Արմեն Աբրահամյանը, մամուլը գրեց, որ նա ղարաբաղցի է ու ջերմ հարաբերություններ ունի Կարեն Կարապետյանի հետ: Ըստ մամուլի հրապարակումների՝ հենց վարչապետն է նրա նշանակման հարցում դերակատարում ունեցել, իսկ Արծվիկ Մինասյանն ամեն ինչ անում էր, որ պարկի տնօրեն նշանակվի յուրայինը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել