Հանրային քննարկման իմաստն այն է, որ տվյալ քննարկումը պետք է ապահովի արդյունք ու հասարակությանը կողմնորոշի բարձրացված հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում ունենալու մեջ։ Երեկ Մատենադարանում տեղի ունեցածը ավելի շատ խճճեց հանրությանը, քան օգնեց որևէ բանում կողմնորոշվել։ Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանում չկա բանավեճի կուլտուրան։ Ի վերջո, նույն երկրում ապրելով, թե կողմ, թե դեմ սուբյեկտները շատ հստակ պատկերացում ունեն, թե որտեղ են ապրում, ու ինչքան էլ փորձեն տեսակետ առաջ տանել, բախվում են նույն խնդրին՝ հանրային քննարկման կուլտուրայի բացակայությանը։ Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրինագծի դեմ արտահայտվողները շատ հաճախ աչքի են ընկնում իրենց անբռնազբոս անտաշությամբ ու անհանդուրժողականությամբ, սակայն եթե նրանց դեպքում դա գոնե սպասելի է, ապա, առհասարակ, սպասելի չէ հակառակ կողմի՝ օրինագծի կողմնակիցների դիրքորոշումը տվյալ հարցում։ Երբեմն տպավորություն է, որ արևմտյան արժեհամակարգ կրող մարդը Հայաստանում կարող է շատ ավելի անհանդուրժող լինել, քան չհանդուրժողը։ Եվ սա հսկայական բացթողում է, որի հետ մենք պետք է աշխատենք, ու նորից կրկնեմ՝ խնդիրը ավելի հեշտ է պատկերացնել կրթական ոլորտի բացթողումներով, քան իրավական, որովհետև նույն օրինագծի կողմնակիցները շատ հաճախ դիմում են «թեթև ծեծ» ասված գործիքակազմին՝ դա պատճառաբանելով իբրև դաստիարակչական երևույթ։ Եվ հետո հարցի բովանդակային մասը՝ Հայաստանում կա ծեծ, այլ հարց է, թե ինչպես է այդ ծեծն ընկալվում հանրության մեջ։ Արդյո՞ք մարդիկ, ովքեր հաճախ ծեծի հետևանքով կտտանքների են ենթարկվում, դժգոհ են իրենց կարգավիճակից, թե դա ընդունում են որպես նորմալ երեևույթ։ Եթե լինի սոցիալական հարցում, հայ կանանցից շատ-շատերը գուցե դա նորմալ համարեն, քանի տղամարդ է, պետք է երբեմն քոթակի յուր կնոջը։ Այնպես որ, ավելի լավ է զերծ մնալ տվյալ հարցի խորքային քննարկումից, քանի որ, մեծ հաշվով, պատկերը նախագծի կողմ քվեարկողների համար կարող է շատ ավելի վատը լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել