Բանակի շուրջ լեզվակռիվների ամենաթեժ պահին մի թեզ մտավ շրջանառության մեջ, այն է. «Բանակում ծառայություն չանցածն ընդհանրապես չպիտի խոսի բանակի խնդիրներից»։

Երևի ցանկանում էին ասել, որ բանակի թեման սթափ ու մասնագիտական մոտեցում է պահանջում, և թեմայից լրիվ անտեղյակ մարդիկ ավելի լավ է մեջ չընկնեն։ Բայց անհաջող ձևակերպումը լղոզեց այդ իմաստը, և թեզը միանգամից պատասխան ստացավ բանակի քննադատների կողմից։

Նախ՝ որոշ լրատվամիջոցներ սկսեցին հրապարակել զանազան պաշտոնյաների անուններ, ովքեր բանակում չէին ծառայել։ «Չորրորդ ինքինշխանությունը» շատ կոպիտ ձևով կպավ անձամբ հոգեբան Դավիթ Ջամալյանին, որը նույնպես պարտադիր ծառայություն չի անցել (ընդ որում՝ լրիվ օրինական հիմքերով չի անցել)։ Եւ սա այն դեպքում, որ Ջամալյանը վերջին տարիների ընթացքում սահմանային զորամասերում ավելի շատ է եղել, քան ՊՆ աշխատակիցներից շատ-շատերը։

Երկրորդը՝ ծառայություն անցնելը դեռ չի երաշխավորում բանակի խնդիրների մասին ճիշտ պատկերացումներ և ընկալումներ ունենալը, որովհետև շարքային զինվորի շփման շրջանակը բավականին սահմանափակ է և երկու հարևան զորամասերում կարող են իրարից տարբեր խնդիրներ լինել։

Երրորդը՝ ո՞վ ասաց, որ իրենց որդիներին բանակ ուղարկող ծնողներն իրավունք չունեն խոսելու իրենց զավակների անվտանգությանն ու առողջությանը վերաբերող խնդիրներից։

Մի խոսքով...

Կարծում եմ ավելի ճիշտ ձևակերպումը սա է. բանակի խնդիրներից խոսողը պիտի նախ փորձի դրանք ուսումնասիրել և հասկանալ։ Ինչպես և ցանկացած այլ բարդ համակարգերում, բանակում էլ հաճախ այն, ինչ առաջին հայացքից խնդիր է թվում, իրականում այլ՝ շատ ավելի խորքային խնդրի դրսևորում է (կամ էլ ընդհանրապես խնդիր չէ), իսկ առաջարկվող «պարզ լուծումները» կարող են ավելի շատ վնաս տալ, քան ինչ-որ բան շտկել։

Եւ այստեղ կրկին գալիս ենք անկախ փորձագետներ ունենալու խնդրին...


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել