Պարոն ՄԻՊ, այսօր ուշադրությամբ հետևեցի Ձեր մամուլի ասուլիսում արտահայտած կարծիքներին, որոնք տեղ գտան բազմաթիվ լրատվական միջոցներում։ Դիտեցի նաև Ձեր հարցազրույցը «Հանրային» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարում։ Բազմաթիվ տարօրինակ մտքեր արտահայտեցիք։ Դրանցից դատական իշխանությանը վերաբերողների շուրջ մի քանի հարց-նկատառում։
Պարոն ՄԻՊ, Դուք իսկապե՞ս չեք հաակացել, թե ինչ էի ասում ես իմ հարցազրույցներում։ Ամեն դեպքում այսօր այդպիսի տպավորություն ստացա, ինչն էլ առիթ դարձավ կրկին մանրամասնելու դրանք։
Այսպես, գիտե՞ք, թե ինչու է քննադատվում Արդարադատության նախարարության հատվածում դատարաններ բաժին ներառելը։ Ասեմ, պարոն ՄԻՊ, իրավաբանները գերազանց գիտեն, որ դատարանը, Արդարադատության խորհուրդը, Վճռաբեկ դատարանը սահմանադրական մարմիններ են, այսինքն՝ դրանք նախատեսված են Սահմանադրությամբ։ Բացեք ՀՀ Սահմանադրությունը և փորձեք գտնել, թե քանի հոդվածում են նշված վերոգրյալ մարմինները։ Ավելին, Սահմանադրության ընթերցումը Ձեզ կհամոզի, որ դատական իշխանությունն առանձին ու անկախ իշխանություն է։ Սա անելուց հետո նույն Սահմանադրության մեջ փնտրեք Արդարադատության նախարարություն բառերի ներառմամբ որևէ տող։ Չեք գտնի, պարոն ՄԻՊ։ Գիտե՞ք՝ ինչու եմ սա ասում, իրավաբանները գիտեն, պարոն ՄԻՊ, գիտեն և իրավաբանական այդ սխալը թույլ չէին տա։ Բայց, ինչպես Դուք հորդորեցիք, չկենտրոնանանք միայն սրա վրա, քանզի սրանով Դուք փոքրիկ «տրյուկ» եք արել, փորձել եք մեկ գնդակով երկու նապաստակ որսալ։ Առաջինը նախարարության հասցեին քննադատությունների թիվն արհեստականորեն ավելացնելն է, իսկ երկրորդը, ամենացավալին, դատական իշխանության հասցեին գրեթե բամբասանքի հասնող քննադատություն հնչեցնելն է։ 
Հիմա անդրադառնանք այն երեք կետերին, որոնք նշել եք թերացում հենց դատական իշխանության հասցեին։ Դրանցից առաջինը, որը միակն է, որ ունի ճշմարտության հետ աղերս, հնչեցրել եք այսպես՝ «Խիստ մտահոգիչ է դատական իշխանության համակարգում առկա անարդարությունների և ապօրինությունների բազմաթիվ դեպքերի առկայությունը»։ Պարոն ՄԻՊ, իմ հարցազրույցներում երբևէ տեսել կամ լսե՞լ եք, որ ես ասեմ այդպես չէ, որ մտահոգիչ չէ, կամ չկան ապօրինություններ։ Կամ տեսել ու լսե՞լ եք, որ հերքեմ դրանց բազմաթիվ լինելը։ Ոչ, պարոն ՄԻՊ, չի եղել նման բան։ Հիմա հասկանանք, թե ինչ եք ասել Դուք։ Պարոն ՄԻՊ, ասել եք մի բան, որը հայտնի է անգամ շարքային քաղաքացուն (Դուք էլ եք այդ կարծիքին), բոլորը գիտեն, որ յուրաքանչյուր ապօրինություն մտահոգիչ է։ Բայց այն դեպքում, երբ հնչեցնում եք մի կարծիք, որը հայտնի է անգամ շարքային քաղաքացուն և շարքային քաղաքացու շուրթերից էլ լսելի է, բա ինչո՞վ եք տարբերվում նույն շարքային քաղաքացուց։ Պարոն ՄԻՊ, չէ՞ որ Դուք շարքային քաղաքացի չեք, Դուք Մարդու իրավունքների պաշտպանն եք։ Իսկ հիմա անդրադառնամ այդ մտահոգությանն ու դրա շուրջ կատարված աշխատանքին։ Պարոն ՄԻՊ, գիտե՞ք, որ Հայաստանի դատավորներից 22-ը 2012 թվականին ենթարկվել են կարգապահական պատասխանատվության։ Գիտե՞ք, որ 2013 թվականի միայն առաջին եռամսյակում արդեն 8 դատավոր ստացել է կարգապահական տույժ։ Գիտե՞ք, որ դրանցից մեկի լիազորություններն էլ արդեն դադարեցվել են հենց այդ նույն ապօրինությունները թույլ տալու հետևանքով։ Պարոն ՄԻՊ, տեսնո՞ւմ եք, որ դատական իշխանությունն ավելի լավ գիտե իրական վիճակն ու դրան զուգահեռ զբաղված է լուրջ աշխատանքով։ Վստահ եմ, որ այս թվերը հիմա Ձեզ ապշեցրին, բայց այդպես չէր լինի, եթե քննադատությունից առաջ գոնե մի քիչ հետաքրքրվեիք քննադատման թիրախ դարձրած իշխանության իրական վիճակով։ 
Անցնենք Ձեր հաջորդ քննադատությանը, այն հնչում է այսպես. «Բազմաթիվ են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության պարագայում Արդարադատության խորհրդի կողմից կարգապահական վարույթի հարուցման և, դրա արդյունքում, դատավորին կարգապահական պատասխանատվության չենթարկելու դեպքերը»։ Պարոն ՄԻՊ, բացի այն, որ սա բնական վիճակ է, օրենսդրությամբ կարգավորված, որը միաժամանակ ապահովում է դատավորի անկախությունը, այնուամենայնիվ, պարոն ՄԻՊ, գիտե՞ք, թե քանիսն են Ձեր նշած բազմաթիվ դեպքերը։ Չգիտեք, բայց կարող էիք հարցնել, այդ դեպքում կտեղեկանայիք, որ 2012 թվականին գրանցվել է այդպիսի միայն 1 դեպք։ Պարոն ՄԻՊ, արդյո՞ք մեկ դեպքը բազմաթիվ է։ Պարոն ՄԻՊ, արդյո՞ք Ձեր այս հայտնաբերած «թերացումը» պարզապես սուտ չէ։ Պարոն ՄԻՊ, արդյո՞ք ՄԻՊ-ին հարիր է տարածել ապատեղեկատվություն։ Թե՞ նորից կպնդեք, թե իբր կարգապահական պատասխանատվության դեպքերն այնքան քիչ են, որ Դուք այդ համատեքստում եք նշել բազմաթիվ։ Բայց, պարոն ՄԻՊ, գիտե՞ք, թե Հայաստանում դատավորի քանի հաստիք կա։ Չգիտեք։ Պարոն ՄԻՊ, Հայաստանն ունի դատավորի 220 հաստիք, իսկ 22 դատավորը, որոնց նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվության միջոց, կազմում է բոլոր դատավորների 10 տոկոսը։ Պարոն ՄԻՊ, մի՞թե դատավորների 10 տոկոսը փոքր թիվ է։ Պարոն ՄԻՊ, ուսումնասիրեք նախորդ տարիների նույն վիճակագրությունը և կհամոզվեք, որ նախորդ տարիներին այս թիվը չի հատել անգամ 4 տոկոսը։ Իսկ գիտե՞ք, թե քանի դատավորի նկատմամբ է տույժ կիրառվել 2008 թվականին. մեկի, միայն մեկի, պարոն ՄԻՊ։ Հիմա համոզվեցի՞ք, որ դատական իշխանությունն ավելի է տեղյակ իր խնդիրներից, համոզվեցի՞ք, որ հենց այնպես ու իրականությունից կտրված հայտարություններ անելու փոխարեն դատական իշխանությունը հայտնաբերում և շտկում է իր թերություները։ Թերություններ, որոնց մասին Դուք անգամ չէիք էլ լսել։ Իսկ հիշո՞ւմ եք, թե որպես թերացում ինչպես եք ներկայացրել երրորդ կետը։ Հիշեցնեմ, այն հնչում է այսպես. «Մի շարք դեպքեր են արձանագրվել, երբ ՀՀ Վճռաբեկ դատարան բողոքարկված դատական ակտերը դատարանի կողմից չեն ենթարկվում մանրամասն ուսումնասիրության, և արդյունքում չեն վերացվում առկա դատական սխալները: Արդյունքում խախտվում է անձանց գործի անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից քննության իրավունքը: Նման քաղաքականությունը լրջորեն խոչընդոտում է օրենքի միատեսակ կիրառությանը, ճիշտ մեկնաբանությանը և իրավունքի զարգացմանը»։ Պարոն ՄԻՊ, այդ ինչպե՞ս են դրանք արձանագրվել, այդ ե՞րբ են դրանք արձանագրվել։ Մոռանո՞ւմ եք, որ Դուք չունեք որևէ լիազորություն, որը Ձեզ իրական հնարավորություն կտար արձանագրել նման դեպքերը։ Պարոն ՄԻՊ, այսօր, Ձեր ասուլիսում, Դուք հաստատեցիք, որ այս վերջին «թերացումը» չունի իրական որևէ հիմք։ Գիտե՞ք, թե ինչպես հաստատեցիք։ Կասեմ, պարոն ՄԻՊ, Դուք այսօր հայտնել եք, որ հատուկ աշխատակից եք հատկացնելու, ով այսուհետ կուսումնասիրի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն ու դրանց արդյունքում կտա եզրակացություններ։ Պարոն ՄԻՊ, այսինքն ստացվում է՝ Դուք հաստատում եք, որ նախկինում չի եղել ուսումնասիրություն ու եզրակացություն։ Դրանով Դուք հաստատեցիք նաև, որ դատական իշխանության հասցեին հնչեցրել եք զուտ բամբասանքի որակ ունեցող քննադատություններ։ Պարզ է, չէ՞, չեք արել հետազոտություն ու չեք ունեցել եզրակացություն։ Նոր միայն պետք է դրանով զբաղվեք։ Բայց, պարոն ՄԻՊ, այստեղ, իրականում, առկա է չափազանց մեծ վտանգ Ձեր կողմից։ Հուսով եմ՝ գիտեք, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չեն փոփոխվում։ Հուսով եմ՝ գիտեք նաև, որ դատական ակտերն մանրադիտակով ուսումնասիրելու և եզրակացություններ տալու համար օրենքը Ձեր ղեկավարած գրասենյակին չի տվել նման լիազորություն։ Իսկ գիտե՞ք, թե ինչ է պարտադրում Սահմանադրության 5-րդ հոդվածը, պարտադրում է, որ պետական մարմինները կատարեն բացառապես այնպիսի գործառույթներ, որոնք նախատեսված են օրենքներով։ Հիմա, պարոն ՄԻՊ, եթե պետք է կատարեք մի գործառույթ, որը նախատեսված չէ օրենքով, ո՞ւմ միջոցների հաշվին եք անելու, հարկատուների՞ս, թե ԵԱՀԿ-ի։ Ձեր զեկույցում նշել եք, որ ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը չի բավականացնում։ Սրան զուգահեռ պատրաստվում եք ծախսեր անել մի բանի համար, որի լիազորությունը չունե՞ք։ Համաձայնեք, պարոն ՄԻՊ, որ արտասովոր մոտեցում է հարկատուներիս հաշվին։ Շնորհակալություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել