Картинки по запросу հրանտ տեր-աբրահամյանԵլքի հայտնի առաջարկի շուրջ «սկանդալը» ոչ էնքան ինքն իրենով է հետաքրքիր, որովհետև շատ պարզ թեմա է, այլ որպես ավելի լայն խնդրի հերթական՝ այս անգամ շատ վառ բացահայտում:
Եթե կարճ ձևակերպեմ այն, հետևյալն է. հայ քաղաքական ուժերը չեն ճանաչում, չեն ուզում ճանաչեն իրենց ընտրողին, և հակառակը՝ հայ ընտրողը չի ուզում ճանաչել քաղաքական ուժերին: Երկուստեք կենսունական են վերացական և ավելին՝ վերացական-միֆական պատկերացումները և համապատասխան վարքը: Սրանից էլ բխում է ոգևորություն-հիասթափություն անընդատ կրկնվող և զուտ հուզական, քաղաքական զրո նշանակություն ունեցող շղթան:
Քաղաքական ուժերը, ինչպես և, ի դեպ, մեր ԶԼՄ-ները՝ համատարած, իրենց պատկերացումներում ընտրողի մասին գործ ունեն վերացական ժողովորդի հետ: Այսինքն՝ պատկերացնում են, որ իրենց ընտրողը ողջ ժողովուրդն է: Դրա համար էլ իրենց ուղերձները, տեխնոլոգիկ հնարները կառուցում են խայտաբղետ՝ փորձելով լավը լինել միաժամանակ բոլորի համար, որով և, ի վերջո, վատն են դառնում բոլորի համար: Պետք է մի օր հասկանան և՛ քաղաքական ուժերը, և՛ ԶԼՄ-ները, որ չկա ընդհանրապես ընտրող և ընդհանրապես ընթերցող: Որևէ գործում հաջողության համար պետք է նախ պատկերացնել քո լսարանը, քո թիրախ խումբը: Աքսիոմատիկ բաներ են, բոլորն իբր գիտեն, բայց ոչ ոք այդ սկզբունքով չի կառուցում իր մարտավարությունը ո՛չ քաղաքականության մեջ, ո՛չ էլ տեղեկատվական դաշտում: Բոլորն աշխատում են վերացական միջին ընտրողի կամ ընթերցողի հետ, որը հիմար և անպետք միֆ է:
Կոնկրետ Ելք-ն իր հայտնի առաջարկն ուղղում է իր պատկերացրած ինչ-որ միջին հայաստանցուն, բայց նախապես չի հաշվարկում, որ իրեն ձայն տվածը կոնկրետ հասարակական խավին միայն վանում է իր առաջարկով: Չխորանամ, ինքնին պարզ է, ինչի մասին եմ խոսում:
Մյուս կողմից՝ ընտրողն է, որն, օրինակ, Ելք-ի միջին ընտրողի դեպքում համարում է, որ ինքը քաղաքականապես ակտիվ է, հասկանում է ինչ-որ բաներ, մանավանդ՝ կարևորում է ընտրությունը, բայց իրականում ահավոր անլուրջ է վերաբերվում ընտրությանը: Փոխանակ իրապես ուշադիր հետևելու պրոցեսների գոնե ընդհանուր սխեմաներին, փորձելու հասկանալ ամեն տվյալ պահի քաղաքական դասավորության ընդհանուր քարտեզն ու դրանում կոնկրետ ուժերի տեղն ու դերը, այդ՝ համեմատաբար կիրթ ընտրազանգվածն ամեն անգամ վերագրում է իր պատկերացումներն ու երաանքներն ինչ-որ մեկին, հետո՝ «հիասթափվում»: Միայն, որպեսզի մի քանի տարի անց կրկնի նույն փակ շրջանը:
Քաղաքական ուժերը չեն լինում լավ կամ վատ: Դրանք գործիքներ են, որոնք օգտագործելով կարելի է ամեն տվյալ պահին այս կամ այն փոխել ինչ-որ ուժային դասավորություններ հասարակության մեջ, ինչ-որ միտումներ և այլն, լավ դեպքերում՝ նաև կոնկրետ հարցեր լուծել: Բայց քաղաքական ուժերը լավ ու վատ տղերք չեն, որոնց պետք է սիրել, հետո սիրահարվածի հիասթափություն ապրել: Նույնիսկ ամուսնանալուց սերը միայն բավական չէ, էլ ուր մնաց՝ քաղաքական ընտրությունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել