Ընթերցվածք` Դան. 7.2-27, Ա Կորնթ. 12.1-7

Մինչ մենք քայլ առ քայլ մոտենում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սբ. Հարության տոնին, սուրբգրային ընթերցումները ամրացնում են նախանձախնդրությունը մեր հավատի հանդեպ, զգուշավորությունը մեր կենսակերպի ճշմարիտ կազմակերպման հարցում և ժրաջանությունը մեզ վստահված տնտեսության արդար կառավարման համար: 
Այսօրվա առաքելական թուղթը հրավիրում է մտորելու մեզ տրվող հոգևոր շնորհների մասին: Այն պատահական չէ, որովհետև այդ շնորհների ճիշտ կամ սխալ գործադրությունն է, որ դարձնում է մեր կյանքը լավ կամ վատ: Մենք` քրիստոնյաներս, կազմում ենք Քրիստոսի մարմինը` Եկեղեցին, որի միջոցով Աստված գործում է: Եվ մենք՝ որպես այդ մարմնի անդամներ, օժտվում ենք Տիրոջ կողմից տարբեր շնորհներով, որ պետք է գործադրենք ի փառս Աստծու: Սակայն աստվածատուր շնորհներով ու կարողություններով հաճախ պարծենում ենք, փորձում ենք մեզ մեր կողքիններից վեր դասել: Եվ այս դեպքում է, որ Աստված առաքյալի շուրթերով ամենքիս խաղաղեցնում է` հուշելով, որ բոլորս, ովքեր Քրիստոսին Տեր ենք դավանում, Իր համար կարևոր ենք, և բոլորիս շնորհները մաս են կազմում ընդհանուր մի առաքելության: «Թեև կան շնորհների զանազանություններ, բայց պարգևող Հոգին նույնն է: Թեև կան զանազան պաշտոններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում: Թեև կան գործելու զանազան կարողություններ, բայց նույնն է Աստված, որ գործում է ամեն բան ամենքի մեջ» (Ա Կորնթ. 12.6): Սա շատ էական պարագա է մեզ համար: ... Հիրավի, մեզ շնորհները տրվում են նախևառաջ մեր օգուտի համար, տրվում են տեսակ-տեսակ և այն չափով, որ կարողանանք դրանք խոհեմությամբ գործածել, ճիշտ ծառայեցնել և անգիտությամբ չմոլորվենք: Հետևաբար, իբրև քրիստոնյաներ քննենք մեր անձերը, գիտակցենք մեր առաքելությունն իբրև Քրիստոսի մարմնի` Եկեղեցու մի մասնիկ, ապրենք` մեկս մյուսին զորավիգ լինելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել