Times.am-ը գրում է.
 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որակյալ մասնագետներին և արտասահմանում լավ կրթություն ստացած հայ երիտասարդներին Հայաստանում պահելու կարևոր պայման է համարում բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծումը: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը քաղաքացիներից մեկը ՀՀ վարչապետին խնդրեց ներկայացնել, թե կառավարությունն ի՞նչ ծրագրեր է մշակում, ո րպեսզի արտասահմանում լավ կրթություն ստացած հայ երիտասարդները վերադառնան և իրենց գիտելիքներն օգտագործեն Հայաստանի զարգացման նպաստելու համար:

«Մեր ծրագիրն այդ ուղղությամբ հետևյալն է: Պետք է ստեղծենք շատ աշխատատեղեր, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ: Եվ պետք է այնպես անենք, որպեսզի այդ աշխատատեղերում աշխատելու համար ընտրվեն հենց լավ կրթություն ստացած երիտասարդները և որակյալ մասնագետները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց վարչապետը:

Վարչապետը դժվարացավ պատասխանել հարցին, թե որն է եղել իր պաշտոնավարման ընթացքում ամենահաջողված ծրագիրը: Նա նշեց, որ չի կարող այդ հարցին հստակ պատասխան տալ, քանի որ բոլոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկել: Վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ կառավարությունն այս ընթացքում առկա խնդիրների ախտորոշում է իրականացրել և պատկերացնում է, թե ինչպես են լուծվելու այդ խնդիրները:

Կարեն Կարապետյանը կառավարության ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու գործում կարևորեց նաև հետադարձ կապը հասարակության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել