Մահվան ելքով ավտովթար Հրազդան քաղաքում. հարուցվել է քրեական գործBarometer.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու վթարի պատճառները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

2017թ. մարտի 12-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Զորավար Անդրանիկի  պողոտայի և նրան  զուգահեռ ընթացող երկաթգծին  հատող երկրորդական  ճանապարհի հարևանությամբ միմյանց են բախվել "ՎԱԶ 2170" մակնիշի և  "PAZ 3205" մակնիշի  ավտոմեքենաները: Ավտովթարի արդյունքում "ՎԱԶ 2170" մակնիշի վարորդը տեղում մահացել է, իսկ վերջինիս ուղևորը  և "PAZ 3205" մակնիշի   ավտոմեքենայի վարորդն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, "ՎԱԶ 2170" մակնիշի ավտոմեքենայի վարորդը ճանաչվել է տուժող:

Նախնական քննության տվյալներով՝ "PAZ 3205" մակնիշի   ավտոմեքենայի վարորդը չի եղել ալկոհոլի ազդեցության տակ: Կատարվել են  ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

"PAZ 3205" մակնիշի ավտոմեքենայի վարորդը հարցաքննվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել