Armday.am-ը գրում է.

Երեկ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցած միջադեպի փաստով նախապատրաստված նյութերը ՀՀ Ոստիկանությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե: Սույն տեղեկատվությունը Armday.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանությունից: Քննչական կոմիտեից էլ տեղեկացնում են, որ միջադեպից հետո 5 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն, իսկ ևս մեկը կամավոր է ներկայացել, 6-ն էլ ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ երեկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանի կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ՝ նշելով, որ սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ նույն Երանոսյանի ծննդավայրն է:

Հաղորդագրության մեջ նշվում էր նաեւ, որ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից եւ վնասազերծել օրինախախտին:

Հիշեցնենք, Դաշինքի հաղորդագրության մեջ նշվում էր, որ ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին:

Հավելենք, որ armtimes.com-ի տեղեկություններով Լեռնիկ Երանոսյանը ձախ այտի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել