Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Շիրակ աշխարհի Գյումրի քաղաքում, որն այն ժամանակ կոչվում էր Ալեքսանդրապոլ:
«Աբու-Լալա Մահարի» պոեմը Իսահակյանը գրել է 1909թ.:
1908թ. ցարական իշխանությունները բանտարկում են Իսահակյանին և 6 ամիս պահում Թիֆլիսի Մետեխի բանտում: Բանտից ազատվելուց հետո էլ նրա նկատմամբ հալածանքները շարունակվում են: Բանաստեղծը մռայլ տրամադրության մեջ՝ մտադիր էր հեռանալ արտասահման: Ահա և այդ հոգեվիճակով՝ մի անգամ, նա Ալեքսանդրապոլից Երևան վերադառնալիս գնացքի պատուհանից տեսնում է ճանապարհով անցնող ուղտերի մի քարավան: Հիշում է 10-11-րդ դարերի արաբ բանաստեղծ Աբուհ Ալա Ալմահարիին, որն իր կյանքը անց էր կացրել աշխարհից դժգոհ ու միայնակ: Ահա սա էլ հիմք է հանդիսացել պոեմի ստեղծման համար: Մահարի անվան տակ հանդես է գալիս Իսահակյանն ինքը: Նախերգանքում պատմվում է, որ Մահարին՝ հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ քաղաքում, ապրեց փառքի ու վայելքի մեջ, հզորների ու մեծատունների հետ սեղան նստեց, գիտունների ու իմաստունների հետ վեճի մտավ, սիրեց և փորձեց ընկերներին, եղավ ուրիշ ազգերի հայրենիքներում և ճանաչեց մարդուն: Ճանաչեց, սակայն խորապես ատեց մարդուն: Առավ իր ուղտերի փոքրիկ քարավանը, և մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել՝ գաղտնի հեռացավ քաղաքից.

Եվ քարավանը Աբու–Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով`
Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:

Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր,
Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր:

Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով,
Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով:

Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն,
Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ խալիֆների քյոշքից լուսեղեն:

Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով:

Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:

Եվ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում.
Անհայտ ուղին էր Աբու–Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:

- Գնա, միշտ գնա, իմ քարավանս, և քայլիր մինչև օրերիս վերջը, 
Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

Պոեմի բովանդակությունը

Իսահակյանը Աբու Մահարու կերպարի միջոցով խոսք է բացում իր ապրած ժամանակի, մարդկանց արարքների, բռնակալ իշխանության օրենքների ու անարդար երևույթների մասին: Առաջին սուրահում արևելյան գիշերվա կախարդիչ գույների մեջ Աբու-Լալա Մահարին խոսում է իր դառն բաժանման, ընկերների, մոտիկ-հեռու մարդկանց՝ մարդկային կեղծիքի մասին, ապա գերադասելով՝ անապատը, օձ-կարիճների բները:
Երկրորդ սուրահում նա շարունակում է խոսել աշխարհում թողած հիշատակների մասին: Այստեղ էլ խորունկ զրույց է բացվում սիրո, երջանկության ու կնոջ մասին: Երրորդ սուրահում բանաստեղծը չի հանդուրժում բնության օրենքներին հակադիր մարդկային օրենքները և ստրկությունը: Նա ներբողում է անսահման ազատությունն ու ինքնիշխանությունը: Մեծ դառնության մեջ բանաստեղծը նզովում է կնոջն ու ընկերոջը, ուժեղին՝ ուժի համար, թույլին՝ թուլության: Այստեղ շարունակաբար հաջորդ սուրահներում բացվում են Աբու-Լալա Մահարու բազմազան տրամաբանությունները, կենտրոնանում խոհերը՝ հայրենիքի, հողի, ուժեղների և ստրուկների...չարի և բարու շուրջ...
Պոեմն ավարտվում է լավատեսությամբ.

Եվ ուղտերն, իբրև ոսկի մակույկներ, հուր ալիքները ծով - անապատում
Ճեղքելով արագ սլանում էին դեպի բոցավառ, լուսավառ հեռուն:

Եվ ոչ մի սամում հրաշունչ թևով չէր կարող հասնել նրանց արշավին,
Նրանց թռիչքին չէր կարող հասնել սլացքը նետի վայրի բեդվինի:

Վուհադիներից զով սյուքն էր բերում վառ քասիդները այրող կարոտի,
Դայլայլում էին կաթնաղբյուրները երազներն իրենց կուսական սրտի:

Եվ հեքիաթների լույս փերիները մայր-արմավենու քնքուշ սոսյունով
Համբույր ու ողջույն ուղարկում էին և կանչում նրան գաղտնի խոստումով:

Բայց Աբու–Լալան չէր ուզում լսել սիրո ողջույնին, գողտրիկ սոսավին,
Թռչում էր անհագ` դեպի արևը, և ինքն էլ պայծառ` նման արևին:

Իսկ սերաբները նոր տեսիլներով բյուր պատրանքների, հրապույրների`
Թռցնում էին կախարդված հոգին ոսկի թևերով լույս - անուրջների:

Ուղտերը արձակ պարուսաններով հուժկու, մոլեգին, այնպես խոլաբար
Սլանում էին, ճախր էին առնում հրեղեն թափով, խենթ ու խելագար:

Եվ արեգական վառ ցնցուղի տակ բոցկլտում էին ուղտերը զվարթ.
Եվ բարձրաղողանջ կայլակում էին զանգակներն ազատ, ցնծուն լուսազարդ:

Աբու Մահարին արծվի նման աչքերն անքթիթ` արևին հառած,
Թռչում էր աննինջ հոգին լուսարբած և երանության ջահերով վառված:

Նրա ետևում լոկ անապատն էր փռված հոլանի` լույսերի ծոցում,
Իսկ գլխի վերև արևն էր նազում շափյուղյա վարսերն անծիր տարածուն:

Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին, մեծ բանաստեղծը,
Թռչում էր անդուլ` հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել