Շարունակեմ ներկայացնել Բակունցի գլուխգործոցներից: Նրբին գեղեցկություններից է հյուսված Բակունցի «Խոնարհ աղջիկը»: Հերոսը ուսուցիչ է, սովորական գյուղական ուսուցիչ, որին ուղարկել են հեռավոր խուլ գյուղ, որտեղ կորցրել է անգամ ժամանակի զգացողությունը, բայց մրոտ ու հինավուրց գեղջկական այն տունը, որ նա ապրում էր, մի հրապուրիչ աշխարհ է: Խավար ու հետամնաց այդ գյուղում կար թաքնված մի գեղեցկություն: Գրողը շատ բան չի ասում հերոսուհուն նկարագրելիս, միայն. «Դա մի աղջիկ էր, գյուղացի աղջիկ, որի հայացքը և ամոթխած ժպիտը մեխվում են հերոսի հիշողության մեջ: Աղջիկը՝ մոխրագույն շորերով, սև աչքերով, ուրույն հմայքով գերում է ջահել ուսուցչին»: Մի անգամ աղջիկը հոր կողմից ուսուցչին հրավիրում է իրենց տուն. «Մեկը բարձրանում է սանդուղքով, գլուխս բարձրացրեցի՝ գիրքը ձեռքիս դողաց, կողքիս կանգնել էր Խոնարհը: Երբեք նա ինձ այդքան մոտ չէր կանգնել:
-Հայրս խնդրում է ճաշին գաս մեր տունը:
Ինքս էլ չիմացա, թե ինչու պատճառ բռնեցի գիրքը, ասեցի, որ չեմ կարող գալ։ Խոնարհը ձեռքի արագ շարժումով գիրքս ծալեց, և ես դեռ ուշքի չեկած, բակից կրկնեց հոր խնդիրը»: Նման մի աննշան պահ նաև վերջին հանդիպումն էր: Տարեվերջին երեխաները հանդես են տալիս բոլորի առաջ: Եկել էր նաև Խոնարհը՝ լսելու փոքրիկ քրոջ արտասանությունը:
«Բազմությունը լուռ լսում էր։ Չէի լսում ես։ Կողքիս Խոնարհն էր։ Նրա աչքերում ուրախության ժպիտ կար։ Աչքերը փայլում էին սարյակի փետուրների նման սև։ Ձեռքը բռնեցի...»:
Շատ ազդեցիկ է վերջին պատկերը: Ուսուցիչը հեռանում է գյուղից, բոլորը վշտացած են...
Անցնում են 12 տարիներ: Հերոսը կրկին նույն գյուղում է, և ահա Խոնարհը՝ մի դժբախտ և տառապած կին: Հերոսը ճանաչում է Խոնարհին, իսկ Խոնարհը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել