Այսուհետ կփորձեմ ներկայացնել հայ գրողների ստեղծագործությունները: Գո՞ւցե, հիշեցման կարգով կամ հետաքրքրություն ներշնչելու դեպի գիրն ու գրականությունը: Այսօր կներկայացնեմ Բակունցի «Ալպիական մանուշակ» ստեղծագործության բովանդակությունը...
Նախ՝ Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյանը) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիս քաղաքում: Մանկության տարիները անցել են զարհուրելի չքավորության մեջ: Հայրը եղել է հանդապահ...
«Ալպիական մանուշակ»
Նովելում Բակունցը նկարագրել է Հայաստանի պատմությունը, բնությունը, նրա մարդկանց ու արվեստը: Նկարագրել է լեռնային Հայաստանի պատկերները՝ ավերակ բերդերով, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններով, օջախի առաջ չոքած կին, կորեկի արտում հոգնած հնձվոր, անմատչելի ժայռերում վազվզող երեխաներ: Հայաստանի բնության գեղեցիկ հատվածներից մեկն է Բակունցի նկարագրած Կաքավաբերդը՝ ամպերին հասնող լեռներով և դրանց մեջ գտնվող միակ ծաղկով, որն է ալպիական մանուշակը: Այդ լեռներին հյուր են գալիս մի հնագետ, մի նկարիչ և սրանց ուղեկիցը: Հասնելով առաջին վրանին՝ արձակում են ձիերը և գնում հնձվորի տուն հյուր: Նկարիչը տեսնում է հնձվորի կնոջը, որի գեղեցկությունը չի վրիպում նրա աչքից: Հեռավոր Կաքավաբերդում՝ կարիքի ու խավարի մեջ, աշխարհից կտրված՝ սարերի վրա, ապրում է ալպիական մանուշակի նման գեղեցիկ կին: Նկարիչը շտապ նկարում է կնոջը և մտաբերում, որ նման մի կնոջ տեսել է հեռվում՝ ծովափին: Նրանք նման են արտաքինով, սակայն տարբեր է նրանց կենցաղը: Առաջինը՝ նստած օջախի առաջ, խառնում է կրակը, մյուսը՝ ծովափին, վայելում է ազատությունը...
Եկվորները թեյ են խմում ու հեռանում, բայց դրաման շարունակվում է: Խանդը կայծակի պես փայլատակում է մռայլ հնձվորի սրտում, ձեռքն է առնում մահակը, որն անասելի թափով իջնում է կնոջ թիկունքին: Կինն, առանց աղաղակի, ցավից գալարվում է...
Ընթերցե՛ք, վերհիշե՛ք և ճանաչե՛ք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել