Այսքան ժամանակ ես չեմ խոսել այն «Հայկական ուրբաթ»-ի մասին: Նախ՝ ինչ ուզում էի ասել, մեծ մասն այնտեղ ասացի, և այսօր բազմաթիվ մտածող ու լավ Հայեր կան, իմ միջամտելն ավելորդ համարեցի: Հիմա, քանզի կրքերը չեն հանդարտվում, մի 2 խոսք կասեմ: Ես դեմ եմ վիրավորանքին ու հայհոյանքին, այն էլ կնոջ հասցեին:
Միաժամանակ դեմ եմ Հայ մարդուց գողանալուն, Հայ մարդուն ծաղրելուն, և Հայ մարդուն թերագնահատելուն:
Համոզված եմ, որ Շուշանի ուղղությամբ հնչեցված վիրավորանքների մեծ մասն իրենը չէին: Շուշանը այս օրերին իշխանության հավաքական կերպար դարձավ: Երբ նա ասում էր՝ «Հասկանում եք, Սերժ Սարգսյանը մեզ պետք է«, նա ասում էր, որ մեզ պետք է Հայրապետյանը, Գեղամյանը, Ալեքսանյանը, բռնություն գործադրող հաստավիզը, սուտ խոսացող ու կաշառք վերցնող չինովնիկը և ցնդող ներկը անձնագրի մեջ: Մարդ նայելիս, լսելիս և նույնիսկ հայհոյելիս տեսնում էր ոչ թե Շուշանին, այլ այս ամենը: Ցավում եմ նաև, որ Շուշանի 800.000 թիմակիցներից և քվեարկածներից միայն 3-ը արձագանքեցին այս ամենին: Պաշտպանում էին ոչ թե Շուշանին, այլ իրենց: Մեկն ի պաշտոնե, մյուս երկուսը՝ հեռագրի ձևով: Ի դեպ դրանցից մեկը մուլտֆիլմի ձևով: Նմանեցնելով ժողովրդին շների ոհմակի հետ, հիշելով լավ ու բարի հերոսներին և մոռանալով նույն մուլտֆիլմի շակալին, ով միշտ «սատարում» էր վագրին: Որի բերանը վերջում Մաուգլին պատռեց՝ իր մեջ հաղթահարելով վախը ու գիտակցելով իր մարդ լինելը: Թե ինչի՞ այդ մուլտֆիլմները մինչև վերջ չեք նայում...
Ավելացնեմ միայն, որ այսօր մեր երկրում իշխանության պաշտպան հանդես գալը շատ անշնորհակալ գործ է: Այնքան, որ նույնիսկ եթե սկսեն Աստվածաշնչից մեջբերումներ անել, մեկ է թալանված, խոպան գնացած հայր կամ եղբայր ունեցող ժողովուրդը նրանց չի հավատալու: Ուստի օգտվելով առիթից՝ կոչ եմ անում մաքսիմալ քիչ խոսել կամ հայտնվել էկրաններին և հարցազրույցներ տալ, ձեր դհոլներին ու դուդուկներին հանեք լրատվական դաշտից, քանզի շատ խոցելի եք դարձել: Մի մոռացեք, որ ձեզ հետ բանավիճելիս բավական է ուղղակի անկեղծ լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել