Պոտինդուստրիալ հասարակության մեջ մարդու կեցության չափանիշ է ընկալվում հաջողակ լինելը: Loser-ի պիտակը ստանալն ավելի որոշիչ է, քան հաջողության հասնելու ցանկությունը: Եթե տղամարդու դեպքում անձնական կյանքը (այն է՝ երեխա մեծացնել, ծառ տնկել և տուն կառուցել) և հաջողակ լինելը իրար չեն հակասում, ապա կանանց դեպքում իրավիճակը մի փոքր այլ է:Հաջողակ կնոջ իդեալական կերպարը «բիզնես լեդին» է, ով տղամարդկանց հետ մրցակցելու խիստ պայմաններում ստիպված է ձեռք բերել հատկություններ, որոնք հատուկ չեն թույլ սեռին: Նրա համար ավանդական ընտանիքը իր տեղը զիջում է աշխատանքին և կարիերային: Հին ասացվածքի նման. «Եթե կինը չի կարողանում նվիրվել տղամարդուն, նվիրվում է աշխատանքին»: Ժամանակի ընթացքում «բիզնես լեդին» ավելի ու ավելի է խորանում իր աշխատանքային առօրեայի մեջ՝ ընտանեկան «արժեքները» դառնում են խորթ և ոչ ռացիոնալ: Դրանց փոխարինում են նյութական արժեքները՝ բրենդավորված ապրանքները, հագուստը, կոշիկները, նոր մոդելի հեռախոսը, հանգիստը «տաք երկրներում»: Որքան շատ է վաստակում, այնքան շատ է ծախսում բաների վրա, որոնք իրեն պետք չեն, բայց արդարացնում են իր ապրելակերպը: Հարազատների հորդորներին ու ակնարկներին, թե «Ձեր գործի տեղը տղա-մղա չկա՞», պատասխանում է, թե դրա մասին դեռ չի մտածում: Հաջողակ լինելու զգացումը նրան հուշում է, որ ամեն ինչ ճիշտ է անում: Ունի մեքենա, տուն Կենտրոնում, ենթականեր ու «ուզողներ»: Միևնույն ժամանակ ամեն անգամ հայելու մեջ նայելիս նկատում է թույլ նշմարվող կնճիռները: «Ուզողներն» աստիճանաբար անէանում ու գոլոշիանում են: Չի զգում կամ չի ուզում զգալ իր միայնակ լինելը, քանի որ շրջապատված է իր նման «հաջողակներով», որոնց հետ անցկացնում է իր ազատ ժամանակը: Բայց ամեն հեքիաթ ունենում է իր բարի կամ ոչ այնքան բարի ավարտը: Մի օր՝ 40 տարեկանի մոտ տարիքում հասկանում է, որ միայնակ է, ոչ ոք իրեն չի սիրում, չունի երեխաներ ու ամենայն հավանականությամբ չի էլ ունենալու: Լավագույն դեպքում իր գլամուռ ծերությունը մխիթարելու է փոքրիկ չիխուախուա տեսակի շնիկը, բայց նույնիսկ նա ավելի շատ սիրում է նրբերշիկ, քան իր տիրուհուն: 

Ժամանակակից հայ աղջիկների զգալի մասը 20-21 տարեկանում ամուսնանալը համարում են «հաջողակ» լինելու ճանապարհի խոչընդոտ: Տնային տնտեսուհու սոցիալական կարգավիճակը հարգի չէ ժամանակակից հայ աղջիկների մոտ, քանի որ այն չի համապատասխանում «հաջողակ» լինելու նրանց պատկերացումներին: Ամուսնությունից հետո շատերի համար աշխատելու հնարավորությունը կամ կարիերայի առաջընթացը դառնում անիրատեսական: Երեխաների ծննդից հետո աշխատանքը դառնում է ավելի շուտ հոբի կամ ցանկալի զբաղմունք, քան ապրելակերպ: Աստիճանաբար նա սովորում է իր ապրելակերպին, չնայած հոգու խորքում մի քիչ նախանձում է իր «հաջողակ» ընկերուհիներին: 

Մանումենտի այգում քայլում էին երկու տիկին: Երկուսն էլ նույն տարիքի էին՝ 45-50 տարեկան: Մի տիկնոջ հագին բնական մորթե մուշտակ կար, մի ձեռքով բռնել էր այֆոն, իսկ մյուս ձեռքով շնիկի վզից կապված շղթան: Մյուս տիկինը հրում էր մանկական սայլակ, որի մեջ քնած բալիկը հավանաբար նրա թոռնիկն էր: Ժամանակ առ ժամանակ սայլակով տիկինը կանգ էր առնում ու լեզու էր ցույց տալիս բալիկին ու հետո երկուսով ծիծաղում էին: Դժվար է ասել, թե ում կյանքն է ավելի երջանիկ ու «հաջողված», բայց երկուսի Մարտի 8-ն էլ շնորհավոր….  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել