karavarutyun1Տնտեսական գործունեության ընթացքում կազմակերպությունները ոչ արդյունավետ կառավարման կամ արտաքին ու ներքին տնտեսական ազդեցության հետևանքով կարող են հայտնվել ֆինանսական կոլապսի մեջ և դառնալ անվճարունակ:

Այս իրավիճակում, երբ կազմակերպությունը չի կարողանում վճարել հարկերը և կուտակում է տույժ ու տուգանքներ, պետությունը կանգնում է երկընտրանքի առաջ՝ ճանաչել կազմակերպությունը սնանկ և պարտադրել այլընտրանքային ձևով մարել պետական պարտքը, ինչը կարող է լինել գույքի առգրավումով կամ «ներել» ընկերության հարկերի չվճարման հետևանքով կուտակված տույժերն ու տուգանքները: Վերջինի պարագայում հնարավորություն է ստեղծվում «բուժել» «հիվանդ» տնտեսությունները, հնարավորություն տալ վերականգնել ու զարգացնել տնտեսական ներուժը, և ինչը որ շատ կարևոր է, պահպանել ընկերության աշխատատեղերը:

Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել գնալ հարկային համաներման: Խոսքը գնում է տարիներ շարունակ կուտակված անհուսալի պարտավորություններին: Նմանատիպ գործընթացներ նախկինում եղել են, սակայն այս անգամ կոնկրետացվել է թիրախային խումբը: Նախապատվությունը տրվել է առաջին հերթին փոքր բիզնեսին։

Բացի դրանից՝ սահմանվել են այն ոլորտները, որտեղ որոշակի շրջանառության սահմաններում դաշտը ընդհանրապես ազատված կլինի հարկերից։ Խոսքը գնում է 23 ոլորտների՝ հագուստի արտադրության, նորոգման, իրերի պատրաստման եւ այլ տեսակների մասին, որտեղ տարեկան շրջանառությունը չի գերազանցի 9 մլն դրամը։ Ինչպես տեսնում ենք, սրանք հիմնականում սկսնակ և դեռևս փոքր բիզնես համարվող կազմակերպությունների համար են:

Այժմ գնդակը տնտեսվարողների կիսադաշտում է: Արված սխալների և ինչ-ինչ պատճառներով առաջացած պարտավորությունների չվճարված տույժերի համաներումը պետք է խթան հանդիսանա ընկերությունների համար իրենց հետագա գործունեության զարգացման և վերականգնման գործընթացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել