Շատերի նման իմ քաղաքական ժամանակացույցն էլ է 1988-ից սկվում։ Շատերի նման մեր ազատության ու ինքնության բանաձևը թատերական հրապարակում էի փնտրում։ Ու, թեև 25 տարին փոքր ժամանակահատված չէ, բայց գրեթե ականատեսի, վկայի ու մասնակցի մանրամասնությամբ հիշում եմ դեպքերը, դեմքերը, նույնիսկ որոշների ելույթներից հատվածներ։  
Մեր անստույգ երթի ճանապարհին քսանհինգ տարին թե՜ շատ է, բայց նույնքան էլ՝ քիչ։ Թվում էր՝ Արցախյան հաղթանակից ու Անկախ պետականության վերականգնումից հետո թատերական հրապարակը անկախության խորհրդանիշ պիտի դառնար, տոնախմբությունների հարթակ, խաղաղ ու անհոգ ծերացող տատիկ-պապիկների հավաքատեղի, սիրահարված զույգերի ժամադրավայր։ Բայց՝ ոչ։ 
Դարձյալ անհանգիստ է թատերական հրապարակը, ու դարձյալ ազգովի ազատության ու ինքնության բանաձև ենք ճշտում, տրորված ու արհամարհված արժանապատվության համար կռիվ տալիս, փորձում ենք թոթափել դատապարտվածության ու անհեռանկարայնության ծանր վարագույրը, գտնել հավերժապես մեզ հետապնդող «ով է մեղավոր», «ինչ անել» հարցերի պատասխանները։ Ու դարձյալ խուճապի մեջ է իշխանությունը։
Իսկապես, թվում էր, թե մեր արագ ժամանակներում 25 տարին բավական ժամանակահատված էր ճանաչելու սեփական ժողովրդին, դասեր քաղելու սխալներից ու հասկանալու, որ անցողիկ ու թվացյալ դափնիների, մեդալների, կոչումների ու շքանշանների, կեղծ մարգարեների ու շատ շոշափելի ու զգլխիչ հարստության կողքին անանցը սեփական ստորագրությունն է ու հետագիծը։ Բայց՝ էլի ոչ, պատմությունը մեզ համառորեն դաս չի դառնում, այս 25 տարին նույնպես։ 
Եվ, ինչպես միշտ, տագնապի անհանգիստ պահին ժողովրդի հայացքն ուղղվում է դեպի մտավորականությունը՝ խղճի, անկեղծության, արդարության ու ազատ մարդու խոսք լսելու ակնկալիքով։ Իսկ իշխանության զինանոցում դարձյալ նույն դեմքերն են, այսպիսի առիթներում մաշված ու ծանոթ, մշտապես իշխանամերձ ու «պոլիտկոռեկտ»։ 
Ու գրեթե մեկ կենտրոնից վերահսկողության ենթակա լրատվամիջոցներով քծնանքի շքերթ է, միմյանց չզիջելով տարփողում են, թե ինչ հրաշալի երկիր ենք կառուցել, թե ինչպես են մեկ մարդու պես սատարում գործող նախագահին, հորդորում, որ ամեն մեկն իր գործով զբաղվի, իսկ որոշներն իրենց հավատարմության մեջ այնքան են ոգևորվում, որ էքստազի մեջ ընկնելով ժողովրդին անգիտակից, ոհմակ, աղանդավոր կամ արվամոլ են անվանում։ 
Իսկ ես նրանցից շատերին մոտիկից գիտեմ. անականջ միջանցքներում ու փոքր, անվկա սենյակներում նրանք անկեղծության պահեր էլ են ունենում “երկիրը երկիր չի” բանաձևի շուրջ, գրեթե անթաքույց զզվանք հայտնում համակարգից, դժգոհում, որ մարդուց կամակատար ու հնազանդ ծառա են սարքում։ Նրանք նաև իրենց ու իրենց որդիներին Հայաստանից դուրս հանելու ճամփաներ են փնտրում (շատերի որդիներն արդեն այնտեղ են) ու ինձ խորհուրդ տալիս, որ մի քիչ էլ ինձ համար ապրեմ։ 
Այս օրերին Հայաստանում նաև քծնանքի շքերթ է։
Իսկ 25 տարին իսկապես շատ կարճ ժամանակ է, ու ես ու շատերը հիշում ենք, թե ինչպես էին այսօր գործող նախագահին նույն քծնողները միևնույն ջանասիրությամբ ու նվիրումով, միմյանց հերթ չտալով սատարում, գովերգում ու քծնում Լևոն Տեր Պետրոմյանին, իսկ հետո՝ Ռոբերտ Քոչարյանին։ Ոմանք նաև ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Կարեն Սերոբիչին...
25 տարին իսկապես քիչ ժամանակ չի ու նաև շատ էլ չի, ես ու շատ-շատերս հիշում ենք, թե այդ նույն գործիչ “մտավորականները” քանիերորդ կուսակցությունն են փոխում՝ միայն թե մոտ լինեն իշխանությանն ու կերակրատաշտին։ Իսկ լռության կամ քծնելու գինը ո՞ւմ հայտնի չի։ 
Չէ՝ “Անկեղծ չենք”, ականջներիս մեջ Թումանյանի խոսքն է։ 
Իշխանությանը մոտ լինելն իսկապես արատ չի, ոչ էլ` մեղք, բայց ճշմարիտ ու անկեղծ խոսքով, քաղաքացու սրտացավությամբ, բայց նրանք շարունակում են պարտված լռությամբ ու քծնանքով ավելի խորացրել մեր պարտություններն ու մեր բարոյական կորուստները։
Չեմ կարծում, թե մեր իշխանությունները չեն հասկանում, թե որքան խոցելի է հավատարմության այսպիսի ռեսուրսով ականապատվելը։
“Նրանք պարտավոր չեն պոետ լինել, բայց քաղաքացի պարտավոր են”. տեղին ու ստույգ խոսքեր։ 
Երազած հայրենիքի համար պատասխանատու են բոլորը, իրավացիորեն ասում է Սերժ Սարգսյանը Սերժ Թանկյանին, միայն թե նա մոռանում է խոստովանել, որ կայացած ժողովրդավարություններին բնորոշ այս բանաձևը որքան դժվար է կիրառել Հայաստանում, ուր իսկական մտավորականը դատապարտված է ինքնամաշումի հյուծիչ պայքարով, հիասթափությունների, դառնությունների ու վիրարավորված արժանապատվության գնով ապացուցել, որ եկուսին գոււմարած երկուս չորս է, ուր քաղաքացիական ու հանրային իրավունքների, արդարության համար պայքարը չինական պատի հետ կռիվի է նման կամ խուլերրի երկխոսության։ 
Այո, ճիշտ է Սերժ Սարգսյանը՝ մեր երազած հայրենիքի համար պատասխանատու ենք բոլորս, ու ի՝նչ լավ է, որ այդ պատասխանատու ու արժանապատիվ քաղաքացին արդեն արթնացել է, ու նրա հետ անհնար է հաշվի չնստել։
Եվ, այնուամենայնիվ, կան, կան նաև շատ, շատ քիչ պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերը...երանելի են նրանք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել