Ընթերցվածք` Ելք 2.11-22, Հվլ. 2.1-11, Մք. 4.1-7

Այսօրվա սուրբգրային ընթերցումներում Միքիայի մարգարեության մեջ կարդում ենք. «Թող բոլոր ժողովուրդներից յուրաքանչյուրն իր ճանապարհով գնա, սակայն մենք կգնանք մեր Տեր Աստծու անվամբ մշտապես» (Մք. 4.5): Այն ինքնին պատգամ և մաղթանք է` ուղղված յուրաքանչյուր ժողովրդի` իբրև հավաքականություն: Մեր օրերում շատ է քննարկվում, թե հայերս՝ իբրև ազգ և ժողովուրդ, ի´նչ արժեհամակարգի կրողն ենք, ո´րն է մեր ինքնությունը: Տարբեր տեսակետներ են արտահայտվում` երբեմն հասկանալի, երբեմն երևակայական, երբեմն վիրավորական և այլն: Սակայն ինչպե՞ս կարող ենք մեկ կողմ դնել Բարձրյալ Աստծու անվանակիր լինելու մեր հանգամանքը: Նրա ողորմությամբ ենք կանչված դարեր առաջ: Չէ՞ որ քրիստոսակիր ենք, մեզ քրիստոնյա ենք կոչում և հաճախ տեղի-անտեղի` յաչս այլոց, շարունակում ենք հպարտանալ դրանով` առանց անդրադառնալու այդ կոչման էությանը: Քրիստոնեությունը միայն հավատի և արժեհամակարգի անուն չէ, որը պարզապես կարելի է կրել, այն արտաքին կաղապար չէ, որով զգեստավորվենք և վերջ: Այն կենդանի ու ապրող իրողություն է Աստված-մարդ, Աստված-ազգ հարաբերության մեջ: Միայն անվանակիր լինելը բավարար չէ. քրիստոնեական կյանքն ենթադրում է մշտական ճիգ վերափոխման համար, ձգտում կատարելության, մղում ինքնազննման ու մաքրման: Մեր հավատը տերունապատվեր հոգևոր արժեքների իրագործումն է, ինչը մեր նախնիները լավագույնս ընկալել ու գործադրում էին: Իսկ այսօրվա հասարակությունը նրանց հոգու սխրանքը հաճախ անհարկի վիճարկում է: ... Մարգարեի խոսքի համաձայն, թողնենք յուրաքանչյուրն իր ճանապարհով գնա, իսկ մենք մեր անձնական ու հավաքական պատասխանատվությամբ ընթանանք մեր Աստծու անվամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել