Երեկ «Կայարան» հեռուստասերիալի առաջին սերիան էր, որ նայեցի և անկեղծորեն զարմացած եմ: Առաջին հերթին պետք է նշեմ, որ հեռուստասերիալում ընտրված դերասանական կազմը շատ թարմ էր: Որ ալիքը փոխում ես, նույն դեմքերն են, դեռահասի դերում արդեն 15 տարի խաղացող նույն դերասանները: Իսկ այստեղ դերասանները համարյա թե մեզ անծանոթ դեմքեր են, շատ չեն նկարահանվել և արդեն չեն հասցրել հոգնեցնել հեռուստադիտողին: Հատկապես դերասանուհին շատ գեղեցիկ էր և բացարձակ համապատասխանում էր ընտրված դերին: Գլխավոր հերոսները շատ համապատասխան զույգ էին, և չնայած առաջին սերիայում շատ քիչ էր նրանց շփումը, բայց վստահ կարելի է ասել, որ այս զույգի սիրային պատմությունը շատ գեղեցիկ և տպավորիչ կլինի: Առաջին սերիայում ինձ դուր եկավ պարզ, հասարակ և բոլորիս ծանոթ միջավայրը: Ներկայացված էին առօրյա հոգսերը, հեռուստադիտողին ծանոթ իրավիճակներ և լուծումներ։ Մարդիկ կարոտ են մնացել հասարակ, իրենց պես սովորական մարդկանց կերպարներին, և դրանց ցուցադրումը հեռուստաէկրանից միանշանակ շատ պահանջված է: Հենց առաջին սերիայից նկատելի էր հոդաբաշխ սցենար, ինչը շատ քիչ է հանդիպում հայկական հեռուստասերիալների պատմության մեջ: Ամբողջ սերիայի ընթացքում շունչս պահած հետևել եմ իրադարձությունների զարգացմանը և ոչ մի կերպ չէի ցանկանում, որ սերիան ավարտվի: Եթե այն տևեր նույնիսկ մի քանի ժամ, միանշանակ հաճույքով կնայեի: Պետք է նաև նշեմ, որ ֆիլմը գունավոր ու շատ գեղեցիկ էր նկարահանված: Հույս ունեմ, որ սերիալի անձնակազմը կպահի իրենց իսկ կողմից սահմանած այս բարձր նշաձողը:

Փաստորեն, Հայաստանում էլ կարողանում են լավ սերիալ նկարահանել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել