Image result for կառավարությունԲյուրոկրատիան «բարիեր է» մասնավորի համար

Նախորդ հինգշաբթի տեղի էր ունեցել կառավարության հերթական նիստը, որը որոշակիորեն ակտիվություն էր հաղորդել լրատվական տիրույթում: Ինչպես հիշում ենք, մեդիայի ուշադրությունը հիմնականում սևեռվել էր Կարեն Կարապետյանի և Էկոնոմիկայի նախարարի երկխոսության վրա, որը վերաբերում էր ընկերություններին ապրանքների ներմուծման համար հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու համար նախատեսված ժամանակին: Վարչապետը, նիստի ընթացքում հակադարձելով Մինասյանի նշած 1 շաբաթ ժամկետին, ասել էր, որ չի հավատում:

Այս թեմային արձագանքել էր նաև ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով շոու էր որակել կառավարության նիստում տեղի ունեցածը:
Նախ և առաջ պետք է փաստենք, որ հավատալ-չհավատալը որպես վիրավորանք կամ արտասովոր երևույթ չպետք է ընդունել, քանի որ նիստերի ընթացքում որոշակի ճշտումներ անելը, կարծում եմ, բնական պրոցես է:

Ինչ վերաբերում է բուն ժամկետին, ապա նկատենք հետևյալը: Ըստ էության՝ Արծվիկ Մինասյանի նշած 1 շաբաթ ժամկետը վերաբերում էր կոնկրետ իր գերատեսչությանը: Բայց վարչապետի հարցն ուղված էր այն բոլոր մարմիններին, որոնցով անցնում է կազմակերպությունը մինչև արտոնություն ստանալը: Եթե ավելի կոնկրետացնենք, ապա տվյալ գործընթացը ենթադրում է առնվազն 7 գերատեսչությունների կարծիքներ, ինչպես օրինակ Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունների կամ ՊԵԿ-ի 2 հիմնական կառույցների՝ Հարկային ծառայության և Մաքսային ծառայության վիզաները:

Եվ այս ամենը որոշ գերատեսչություններում տևում է 9-10 օր կամ 1 շաբաթ, իսկ մյուսներում՝ դիցուք 5-6 ամիս՝ հաճախ բացասական ելքով: Հարցն այստեղ այլ հարթություններում չպետք է դիտարկել, քանի որ խնդիրն, անշուշտ, կոռուպցիոն երևույթներից ու բյուրոկրատական քաշքշուկներից ձերբազատվելն է, որպեսզի արտոնության կարիք ունեցող կազմակերպություններն առանց ավելորդ թղթաբանության կարողանան հեշտությամբ օժանդակություն ստանալ:

Պետությունը պետք է բիզնեսը դիտարկի որպես հուսալի գործընկեր, ում վրա կարղ է հենվել, վստահել և հարկ եղած դեպքում որոշակի օժանդակություն ակնկալել: Մնացած բարդությունները արհեստականորեն մեծացնելու են պետության ու մասնավորի միջև անդունդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել