Картинки по запросу ՀայրիկյանՊարույր Հայրիկյանի ԱԻՄ կուսակցության անդամ Գագիկ Սարուխանյանը Ազատության հրապարակում տեղի ունեցող մի քանի հանրահավաքների չի մասնակցում: Լրագրողների հետ զրույցում նա մեղադրել էր հանրահավաքի կազմակերպիչներին իշխանության կողմից ուղղորդվելու մեջ և իր խոսքերը հիմնավորել մի քանի փաստարկներով: Փորձենք անդրադառնալ Սարուխանյանի հարցազրույցի մի քանի կետերին․

ԱԻՄ անդամի կարծիքով՝ Ազատության հրապարակի ասպարեզից հեռացվում են այն մարդիկ, ովքեր իրենց ելույթներում հստակ արտահայտված հակառուսական-իմպերիալիստական արտահայտություններ են թույլ տալիս։

Սա իրոք զավեշտալի հայտարարություն է, քանի որ հարթակի հիմնական ելույթ ունեցողներից, օրինակ՝ Դավիթ Սանասարյանը, ընդգծված արևմտամետ է,բազմիցս հանդես է եկել հակառուսական կոչերով, ինչպես նաև եղել է ՀՀ-ի կողմից Մաքսային միություն մտնելու դեմ ընդվզող ակտիվիստներից մեկը: Սանասարյանը այս հարցում միակը չէ: Նույնը կարելի է ասել նաև իր կուսակից Արմեն Մարտիրոսյանի մասին, ով նույնպես բազմիցս աչքի է ընկել հակառուսական սուր ելույթներով:

Սարուխանյանի հաջորդ դժգոհությունը վերաբերում էր այն փաստին, որ ամբիոնի քաղաքական խորհուրդը դեմ է կուսակցությունների բարձրաձայնմանը: Այստեղ, իհարկե, ակնհայտ է դառնում, որ Սարուխանյանի միակ նպատակը Ազատության հրապարակից ԱԻՄ-ի անունը մի քանի անգամ հնչեցնելն էր: Սասնա Ծռեր խմբավորմանը սատարող հանրահավաքներին անփառունակ կերպով ամբիոնից հեռացված Պարույր Հայրիկյանը, կարծես թե, չի համակերպվում, որ իր կուսակցության անունը չի հնչում հարթակից և այդպիսով փորձել է քաղաքական խորհուրդ «դեսանտ» իջեցնել Սարուխանյանի տեսքով, սակայն վերջինիս անհաջողության հետևանքով առաջացել է պլան Բ-ն, այն է՝ հնարավորինս սևացնել հանրահավաքի կազմակերպիչներին: Գլոբալ առումով բոլորին էլ պարզ է, որ, եթե հարթակի մասնակիցների գերնպատակը լիներ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, ապա կասկածից վեր է, որ թե՛ Սանասարյանը և թե՛ Մարտիրոսյանը բազմիցս կօգտագործեին «Ժառանգություն» կուսակցության անունը հնչեցնելու հնարավորությունը, որն, ի տարբերություն ԱԻՄ-ի, ներկայացված է Ազգային ժողովում և ավելի ճանաչելի ու մրցունակ է հանրային դաշտում, քան Հայրիկյանի խմբակը:

Հաջորդ հայտարարությունը Սարուխանյանի կողմից ոչ միայն զավեշտալի էր, այլ նաև հակասում էր իր առաջին խոսքին: Ըստ Սարուխանյանի՝ այն մարդիկ, ովքեր ասում են ո՛չ Ռուսաստան, ո՛չ Եվրոպա և ո՛չ Ամերիկա, ժողովրդին տանում են կործանման : Հետաքրքիր է, բայց հենց ԱԻՄ-ն է, որի քաղաքական գաղափարախոսության հիմքում ընկած է «Ո՛չ Ռուսաստանին» չգրված կարգախոսը: Այսպես, Սարուխանյանը անկախ իրենից խոստովանեց, որ իր կուսակցությունը մարդկանց կարող է տանել կործանման:

Վերջում Սարուխանյանը ստախոս անվանեց Արմեն Մարտիրոսյանին, ով, ըստ ԱԻՄ անդամի, տեղից չի շարժվել ՀՀ-ի կողմից Մաքսային միություն մտնելու ժամանակաշրջանում, այնինչ ԱԻՄ-ը իր բողոքն է հայտնել այդ որոշման վերաբերյալ: Թու՛յլ տվեք այս հայտարարությունը թողնել առանց մեկնաբանության, քանի որ իրադարձություններին հետևող անձինք պետք է տեղյակ լինեն Մարտիրոսյանի և իր թիմակիցների սուր արձագանքներին:

Ակնհայտ երևում է, որ ԱԻՄ-ականները խիստ վրդովված են: Պատմությունը կրկնվում է․ սկզբում համագործակցում են, հետո ամբողջ ուժով քրֆում նախկին գործընկերներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել