ՊՊԾ գնդի գրավման ավարտից արդեն 3 շաբաթից ավելի անցել է։ Այդ օրերին բազմաթիվ մարդիկ ցանկացած պաշտոնական հաղորդագրություն սուտ էին հանում, «փորձագիտական վերլուծություններ» անում, սակայն օրեր անց չգիտես ինչու շատ արագ մոռացության մատնեցին թեման, թեպետ գրավողների հանձնվելուց հետո կարելի էր գնալ, եթե ոչ հենց գնդում, ապա գոնե գնդի շրջակայքում շատ բան ստուգել։

Ինչևէ, օգոստոսի 8-ին օպերատոր Հովիկ Գրիգորյանի հետ այցելեցինք թե´ գնդի շրջակայքը, թե´ հենց գունդը, որպեսզի տեղում որոշ բաներ հասկանանք։ Ստորև՝ ղալմաղալի նախապատմությունը և այն, ինչ մենք կարողացանք տեղում տեսնել ու հասկանալ։
Նախապատմություն
Հուլիսի 30-ին, ինչպես հիշում եք, ՊՊԾ գնդի մերձակայքում զոհվեց Ներքին զորքերի զինծառայող Յուրի Տեփանոսյանը։ «Պավլիկի վկաները» միանգամից պնդեցին, թե ոստիկանին սպանել են ոչ թե գունդը գրավողները, այլ միգուցե հենց ոստիկանները։

Հաջորդ օրը ոստիկանությունը լուսանկարներ հրապարակեց, այդ թվում նաև ՊՊԾ գնդի շենքերից մեկի կտուրում դիտակետի և այդ դիտակետից դուրս եկած՝ օպտիկական նշանոցով СКС կառաբինը ձեռքին ահաբեկիչներից մեկի լուսանկարները։
Այս հրապարակումն է´լ ավելի շատ աղմուկ բարձրացրեց։ Լիքը մարդ անհամապատասխանաթյունների մատնացույց արեցին, լուսանկարների վրա բազմաթիվ դեֆեկտներ գտան և հայտարարեցին, որ չէ, սաղ սուտ ա...
Մեկ օր անց՝ օգոստոսի 1-ին հրապարակվեց նաև տեսանյութ, որից մեկ կադր (կտուրի դիտակետից նայող ահաբեկիչի) հրապարակել էին նախօրեին։ Այդ տեսանյութն էլ շատ արագ հայտարարվեց «ֆոտոշոփ»։
Իմ տեսած մեկնաբանություններից միայն Բագրատ Դաբաղյանն էր, որ մասնագիտորեն վերլուծել էրտեսանյութը, և ասել, որ որակից ելնելով՝ դժվար է հստակ եզրակացություններ անել՝ չբացառելով, որ տեսանյութը հնարավոր է ինչ-որ փոփոխությունների ենթարկվել է։

Ի՞նչ հիմնական փաստարկներ էին բերում «Ֆոտոշոփի գուռուները»

1,«Այդ ծակն այնքան նեղ է, որ նորմալ մարդը չի կարող այնտեղով դուրս գալ, նշանակում է՝ դիպուկահարի նկարը հետո Ֆոտոշոփով ավելացրել են»։

2,«Տարբեր նկարների վրա կտուրի ծակը տարբեր ձև ունի, ըստ այդմ անբաշար ձևով Ֆոտոշոփով նկարած է»։

3,«Այդ հեռավորության վրա հնարավոր չէ СКС-ով թիրախ խոցել»։

4,«Եթե դիպուկահարին տեսել են, ապա ինչո՞ւ չեն կրակել իրեն, թողել են, որ կրակի»։

Ի՞նչ տեսանք մենք

Կտուրի ծակը բավականին լայն էր, ու Ձեր խոնարհ (ու ոչ նիհար) ծառան կարողացավ հանգիստ դրանով անցնել.





Ահա այդ ծակը` տանիքի ներսից.



Նույնը՝ դրսից.



Հարց է առաջանում. ինչո՞ւ էր ոստիկանության հրապարակած նկարում այդ ծակը լրիվ ուրիշ ձևի։ Ինչպես տեղում հասկացանք՝ պատասխանը շատ պարզ էր. ահաբեկիչները օգտագործել էին գնդում եղած զրահաբաճկոններն իրենց դիտակետերը պաշտպանելու համար. կախել էին դրանք պատուհաններից, լցրել էին նաև կտուրի վրա, որ որոշ չափով գոնե ներքևի մասը պաշտպանի, երբ դիտակետից գլուխները հանում են։ Ոստիկանության հրապարակած տեսանյութի ներքևի աջ անկյունում դրանք շատ լավ երևում են (ոստիկանության կայքից վերցված լուսանկարում նշել եմ դրանք կարմիր ուրվագծով ու մի քիչ բացացրել).



«Այդ հեռավորության վրա հնարավոր չէ СКС-ով թիրախ խոցել» թեմային մինչև անդրադառնալը նշեմ, որ կտուրից, ինչպես տեսաք տեսանյութում, ուղիղ տեսանելի է այն հատվածը, որտեղ խոցվել է Տեփանոսյանը։ Մենք նաև եղել ենք այդ հատվածում և այնտեղից էլ ՊՊԾ գնդի շենքի կտուրի ծակն է հստակ երևում.



Ինչ վերաբերում է հեռավորությանը, ապա Գուգլ մափսը եթե չի խաբում, ապա դիտակետից մինչև խոցման հատվածը հեռավորությունը մոտավորապես 360–370 մետր է։ Այդ հեռավորությունըբանակային ստանդարտ կրակային վարժությունների սահմաններում է (ընդ որում Կալաշնիկովի ավտոմատի համար, СКС-ն իրականում ավելի հեռու և ավելի ճշգրիտ է կրակում ավելի երկար փողի շնորհիվ)։ Իսկ օպտիկական նշանոցով СКС-ի համար ընդհանրապես չպիտի խնդիր լիներ այդ հեռավորության վրա թիրախ խոցելը։

«Եթե դիպուկահարին տեսել են, ապա ինչո՞ւ չեն կրակել իրեն, թողել են, որ կրակի»։Ազնվությամբ ասած՝ չգիտեմ։ Նախ՝ ենթադրում եմ, որ իրեն տեսել են ոչ թե կրակելու պահին, այլ նախորդ ժամերին, գուցե օրերին։ Ինչպես նաև հիշում եք, հիմնականում փորձում էին ահաբեկիչների ոտքերին կրակել, որ վիրավորեն, ոչ թե սպանեն։ Ըստ այդմ, երևի, քանի դեռ չէին կրակում դիտակետից, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն էլ է զերծ մնացել СКС-ով զինված մարդու իրանին կրակելուց։

Վերջաբանի փոխարեն

Նախ՝ արձանագրեմ, որ չնայած հասարակական կարևորության թեմա էր, բայց ոչ մի լրագրող «Սասնա ծռերի» հանձնվելուց հետո այս հարցին չանդրադարձավ։

Երկրորդը՝ այս ամենը դեռ չի հաստատում կամ հերքում այն փաստը, որ հենց լուսանկարում պատկերված մարդն է կրակել Տեփանոսյանի վրա. գուցե ինքն է, գուցե այլ մարդ է, սա արդեն պիտի քննիչները փորձեն պարզել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել